
Հայաստանում հատկապես աճել է գողությունների թիվը: Իհարկե, պատկան մարմիններն այս դեպքում ստանդարտ բացատրություն ունեն: Նրանք ասում են` երկրում մեծ է աղքատության մակարդակը, մարդիկ հաճախ հանցագործության են դիմում ընտանիքի կարիքներից դրդված:
Իհարկե, ասվածի մեջ կա ճշմարտություն, սակայն օրենքի շուրջ հասարակական կոնսոլիդացիա կարող է լինել անգամ աղքատ երկրներում, եթե մարդիկ տեսնեն որակյալ և արդար կառավարում: Այդ պարագայում` եթե անգամ մարդիկ դժգոհեն իրենց կյանքի որակից, ապա դա չի դառնա հանցագործության կատարման մոտիվացիա: Ի վերջո` իրավական երկրներում քաղաքացիները վաղուց են հասկացել, որ հաջողության հասնելու ճանապարհը ռացիոնալ վարքագիծն է: Այն, որ աղքատությունը Հայաստանի քրեածին գործոններից մեկն է, անկասկած է: Սակայն միայն այդ հանգամանքը չէր կարող մարդկանց մոտ հանցագործության հակում ծնել:
Երբ պատերազմում աղետալի պարտությունից հետո համընդհանուր անվտանգության խնդիրներ են, որոնք մեր պետության և պետականության համար ունեն գոյաբանական նշանակություն և ՀՀ կառավարությունը ԱԺ նախագահի համար ձեռք է բերում 200 հազար դոլար արժողության ավտոմեքենա, սա չի կարող սոցիալական հետևանք չառաջացնել։ Երբ այս և այլ խնդիրներով չկա որակյալ կոմունիկացիա հասարակության և իշխանության միջև, քաղաքացիներն իրավունք ունեն դժգոհել իրենց բաժին հասած ճակատագրից՝ մեկը հրապարակում հրաժարականի տեսքով, մյուսը՝ գողության։
Հայաստանում քաղաքական համակարգի, քաղաքական մտքի տոտալ ճգնաժամ է և դա չի վերաբերվում միայն իշխանությանը: Տոտալ ճգնաժամ է նաև ընդդիմության մոտ, ինչի հետևանքով հասարակության մոտ կորում է հավատը ապագայի հանդեպ: Ռեստարտի անհրաժեշտություն ունի ոչ այնքան իշխանությունը, որքան` ընդդիմությունը, որպեսզի հնարավոր լինի Հայաստանում ձևավորել քաղաքական մտածողություն, արժեքային համակարգ, միջավայր` ապաքաղաքականացման և քրեականացման դեմն առնելու, երկրում պատերազմում պարտությունից հետո հաստատված ռուսական «հետխաղաղապահական» հանակարգին այլընտրանք ձևավորելու համար: Հայաստանում փոփոխությունների հնարավոր է հասնել տևական հետևողական աշխատանքի շնորհիվ` համակարգային մտածողությամբ, ինստիտուցիոնալ լուծումներով:
Իհարկե որևէ պարագայում հանցագործությունն արդարացնել չի կարելի, սակայն պաշտոնյայի կամ հարուստի տունը թալանած մարդուն ենթագիտակցորեն թվում է, որ ինքը «սոցիալական արդարություն» է վերականգնել, որովհետև տարել է մեկից, ով պաշտոնն ու դիրքն օգտագործում է` պետության ու ժողովրդին թալանելու համար: Իհարկե, նման «արդարությունը» բնորոշ է ոչ թե պետություններին, այլ` ջունգլիներին, մյուս կողմից` Հայաստանում այդ «արդարությունը» լեգիտիմացված, հանցագործությունը սոցիալապես մոտիվացված կլինեն, քանի դեռ իշխանությունը նույնանում է թալանի հետ:
Հայաստանի իշխանությունը տարիներ ի վեր կառուցված է եղել հենց թալանի և գողության սկզբունքով, և շարքային մահկանացուն համարել է, որ մեր երկրում առաջ գնալու, հաջողության հասնելու բանալին հենց գողությունն ու թալանն են: Այստեղ էլ սկսվել է հայկական տրագիկոմեդիայի երկրորդ արարը` «անարդարությունը», որովհետև պարզվում է` նույնիսկ անպատիժ գողությունը բացառապես իշխանության մենաշնորհն է: Հեղափոխության առաքելությունը պետք է լիներ այս մտայնության չեզոքացումը։ Իրադարձությունների և փաստերի բերմամբ, մեծ չէ հույսը, որ դա այլևս հնարավոր է։
Հայաստանի իշխանությունը ձախողել է երկրի ներքին ռեֆորմացիան, որը կարող էր կազմաքանդել այդ մտայնությունը։