Ամանորին ընդառաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նախաձեռնել է քաղաքական ուժերի հանդիպում, որին, սակայն, ոչ բոլորն են մասնակցելու:
Alig.ge-ն գրում է, որ հանդիպման առիթը թեև Ամանորն է, սակայն նախագահի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ միջոցառմանը կքննարկվեն նաև որոշ քաղաքական հարցեր: Հանդիպումը նպատակ ունի նպաստել իշխանության և ընդդիմության միջև լարվածության մեղմացմանը։
Հանդիպմանը կմասնակցի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» ներկայացուցիչը։
Ամանորյա միջոցառմանը ներկա են լինելու «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» և «Լելոյի» ներկայացուցիչները, ինչպես նաև նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցությունը։
Հանդիպմանը չեն մասնակցի «Միացյալ ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները։
«Շնորհակալ եմ Սալոմե Զուրաբիշվիլիին հրավերի համար, բայց քանի որ Ամանորի գիշերն է, հասկանալի պատճառներով չենք կարողանա մասնակցել հանդիպմանը, կմասնակցենք առաջիկայում կայանալիք մյուս հանդիպումներին»,- ասել է ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիան։
«Շատ շնորհակալ եմ նախագահին, այս ժեստը հասկանալի և գնահատելի է… Ցավոք սրտի, մենք այսօր չունենք այն իրականությունը, որ ես կարողանամ շամպայն խմել «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հետ», ֆեյսբուքյան իր էջում գրել է Էլենե Խոշտարիան, մինևնույն ժամանակ ընդգծել, որ պատրաստ է ցանկացած ձևաչափով ապագա հանդիպումներին:
Ներքաղաքական հաշտեցման հարցը կրկին արդիական դարձավ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած ժողովրդավարության առցանց գագաթնաժողովում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու արած հայտարարությունից հետո: Վրաստանի նախագահը խոստացավ երկրում սկսել հաշտեցման գործընթաց։