
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում է կայացրել, գրավի չափ է սահմանվել 70 մլն ՀՀ դրամը։
Գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո Փարամազյանն ազատ կարձակվի։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր թափ հաղորդվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Սյունիքի համայնքապետերի նկատմամբ։ Քաջարանի համայնքապետի բնակարանում հուլիսի 8-ին խուզարկություն իրականացվեց, ինչից հետո՝ ժամը 11։15-ի սահմաններում նա բերման ենթարկվեց Երեւան՝ ԱԱԾ ներկայացվելու համար, սակայն ԱԱԾ քննչական դեպարտամենտ է ներկայացվել միայն հուլիսի 9-ին՝ ժամը 01։24-ին։ Համենայն դեպս՝ այդ ժամին է կազմվել ձերբակալման արձանագրությունը։ Հուլիսի 10-ին Մանվել Փարամազյանը կալանավորվել է։ Փարամազյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (երկու դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասի (չորս դրվագ) հատկանիշներով։
Այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է ևս վեց անձ, այդ թվում՝ ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանը, որն ավելի հայտնի է Ալֆայի Չիկո անունով։ Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 35-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերի, 38-308-րդ հոդվածի 1-ին մասի, 144-րդ հոդվածի (երկու դրվագ) հատկանիշներով։ Նշված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։