
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը տապալվում է Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում։ Մեր երկրի 10 ներկայացուցիչներից 3-ն արդեն իսկ երկամարտում ցույց են տվել 0-ական արդյունք, ինչն ուղղակի խայտառակություն է։ Այս պահի դրությամբ մեր հավաքականից ելույթ են ունեցել 7 ծանրորդներ։ 109 քաշային Սիմոն Մարտիրոսյանը ելույթ կունենա այսօր, իսկ գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայան՝ վաղը։ Եթե նույնիսկ այս ծանրորդները ոսկե մեդալներ նվաճեն դժվար կլինի ասել, որ Հայաստանի հավաքականի ելույթը Տաշքենդում բավարար էր։ Հավաքական թիմի 30 տոկոսի 0-ական արդյունքը մտորումների լուրջ տեղիք է տալիս։ Դեկտեմբերի 13-ին 89 քաշային կարգում չեմպիոնի կոչման իրական հավակնորդ Անդրանիկ Կարապետյանը պոկում ձևում նախ բարձրացրեց 167 կգ իսկ երկրորդ մոտեցմամբ գլխավերևում պահեց 172 կգ-ը՝ շրջանցելով բոլոր մրցակիցներին և նվաճելով այս քաշային կարգի փոքր ոսկե մեդալը։ Կարապետյանը գնաց նաև երրորդ մոտեցման բարձրացնելով 175 կգ-ոց ծանրաձողը։ Այս արդյունքի շնորհիվ հայ ծանրորդը 4 կգ-ով առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող Ռևազ Դավիթաձեից։ Թվում էր թե Կարապետյանը երկամարտում տեղի կունենա գոնե լավագույն եռյակում, բայց․․․։
Հրում վարժության առաջին մոտեցմամբ Կարապետյանը չկարողացավ բարձրացնել 196 կգ-անոց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ նույն 196-կգ կշռող ծանրաձողը բարձրացնելով Կարապետյանը վնասվածք ստացավ։ Մարզչական շտաբի որոշմամբ մեր ծանրորդը վնասվածքով գնաց նաև երրորդ մոտեցման և ձախողելով այն ստացավ 0-ական արդյունք։ Այո, այս ձախողման մեջ կա վնասվածքի գործոնը, բայց․․․։ Արդյոք չէր կարելի հրում ձևում առաջին մոտեցման պատվիրել ասենք 190 կգ և ապահովել տեղը լավագույն հնգյակում։ Պատասխանը կարծում ենք պարզ է։ Այն ինչ տեղի ունեցավ երեկ 102 քաշայինների պայքարում, իսկապես բարդ է տրամաբանելը կամ մեկնաբանելը։ Արսեն Մարտիրոսյանն ու Սամվել Գասպարյանը ֆավորիտների շարքում էին, բայց․․․։ Պոկում վարժությունից հետո Գասպարյանը 175 կգ արդյունքով 3-րդն էր և ուներ բոլոր հնարավորությունները երկամարտում մեդալ նվաճելու։ Հրում ձևում սակայն մեր հավաքականի մարզիչները պատվիրեցին 215 կգ, որը Գասպարյան այդպես էլ չկարողացավ բարձրացնել։ Այս քաշը ակնհայտորեն ծանր էր նրա համար։ Արսեն Մարտիրոսյանի համար էլ մարզիչները պատվիրել էին 210 կգ։ Առաջին փորձը ձախողվելուց հետո Մարտիրոսյանը պետք է երկրորդ մոտեցմամբ փորձեր բարձրացնել նույն քաշը։ Մեր հավաքականի մարզիչները սակյան ձախողված փորձից հետո նայելով «տաբլոյին» չէին կողմնորոշվում ինչ անել մինչ դեռ ժամանակը գնում էր։ Երբ մոտեցման համար մնում էր ընդամենը 9-10 վայրկյան, մարզիչներից մեկը բղավեց՝ «Արսեն գնա»։ Արսենը վազելով գալով մրցահարթակ հանպատրաստից փորձեց բարձրացնել 215 կգ ծանրաձողը և բնականաբար ձախողվեց։ Նման խառնաշփոթից հետո մեր ծանրորդը ձախողեց նաև երրորդ փորձը։ Տեղի ունեցածն ամոթալի էր։ Ավելացնելու բան թերևս չկա։ Կարելի՞ է արդյոք ձախողումների մեջ մեղադրել Կարապետյանին, Գասպարյանին կամ Մարտիրոսյանին։
Բնականաբար ոչ։ Ակնհայտ է թերևս, որ նման խայտառակությունից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը պետք է հրաժարական տա։ Տարիներ շարունակ այս մասնագետը խոժոռ դեմքով տարաբնույթ պատճառանություններ է ներկայացրել ձախողումներից հետո, հյուրանոցի կշեքից սկսված մինչև ծանրորդների վատ պատրաստված լինելը։ Դոպինգ սկանդալի համար Տոկիոյի Օլիմպիական խաղերում մեզ տրված էր ընդամենը մեկ տեղ։ Արգելված խթանիչների համար հայկական ծանրամարտի պատասխանատուներից և ոչ մեկ պատասխանատվության չէր ենթարկվել։ Այո, Եվրոպայի առաջնությունում մերոնք տասնյակ մեդալներ են նվաճում, բայց․․․։ Օլիմպիական խաղերի ծրագրից դուրս մղվելու եզրին գտնվող ծանրամարտը Եվրոպայում մասսայականություն չի վայելում։ Այս մարզաձևում տարիներ շարունակ տոն են տվել հատկապես ասիական երկրներների ներկայացուցիչերը։ Եվրոպայում մեդալներ նվաճելով և օդանավակայանում զուռնա դհոլով չեմպիոնների դիմավորելով մարզաձև չեն զարգացնում։ Նույն Փաշիկ Ալավերդյանից պահանջվում էր Տոիկոյի օլիմպիադայի համար պատրաստել ընդամենը մեկ ծանրորդի որը անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին օլիմպիական ոսկին կնվաճեր։ Վստահաբար կարող ենք ասել, որ Սիմոն Մարտիրոսյանը կարող էր նվաճել ոսկին, բայց վերջին պահին տեղի ունեցավ այն, ինչ սովորաբար տեղի է ունենում։
Բնականաբար ուզբեկ մրցակցին զիջելու մեջ անուղղակի կերպով մեղադրվեց հենց Սիմոն Մարտիրոսյանը։ Բոլորը աչք փակեցին մարզչական սխալների վրա , իսկ Մարտիրոսյանն էլ «կուլտուրայի զոհ» դառնալով պնդեց, որ մարզիչներն ամեն ինչ ճիշտ են արել։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ Սիմոն Մարտիրոսյանից սկսած մինչև կշեռք սարքողները մեղավոր են բացի Փաշիկ Ալավերդյանից և ծանրամարտի մյուս պատասխանատուներից։