
Այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ երեկոյան նախատեսված է նրանց եռակողմ հանդիպումը։ Ակնկալվում է, որ եռակողմ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվելու, հայտնելով այս մասին՝ եվրոպացի դիվանագետն ասել է, որ առաջիկա հանդիպումների նպատակն է օգնել այդ երկու երկրներին ուղիղ երկխոսություն հաստատել և բարելավել հարաբերությունները։«Մենք ջանասիրաբար աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի նրանց միջև բարձրացնենք վստահության մակարդակը՝ հիմնվելով երկու երկրների պաշտպանության նախարարների միջև հաջողությամբ հաստատված ուղիղ շփման վրա, որը ստեղծվել է մի քանի շաբաթ առաջ»,- ասել է նա։
Փաշինյանը և Ալիևը Բրյուսելու մասնակցելու են Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 15-ին։ Գագաթնաժողովին քննարկվելու են նաև ռուս-ուկրաինական լարվածությունը։
Նշենք, որ Բրյուսելում Ադրբեջանի և Վրաստանի ղեկավարները հանդիպումներ են ունենալու նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։ Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդունելու է Իլհամ Ալիևին, հանդիպումից հետո նախատեսված է նրանց մամուլի ասուլիսը։ Հաջորդ օրը Ստոլտենբերգը ընդունելու է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։ Հայաստանի ղեկավարի հետ հանդիպում նախատեսված չէ։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ այսօրվա իշխանությունները գոնե վերջին շրջանում բավականին ակտիվ աշխատում են Եվրամիության հետ․«Բայց ՆԱՏՕ-ի հետ իսկապես համագործակցությունն անկում է ապրել։ Հիմա ես կդժվարանամ ասել, թե ինչու նման հանդիպում նախատեսված չէ։ Միգուցե կապված է Ռուսաստանի ճնշման հետ, դա միանշանակ կա։ Բայց մյուս կողմից ես հարց եմ տալիս, եթե մենք գտնվելով Ռուսաստանի ճնշման տակ, անում ենք իր ուզածը ու ՆԱՏՕ-ի հետ ակտիվ չենք աշխատում, այդ դեպքում՝ ինչու՞ Ռուսաստանը մեզ չի աջակցում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Գրիգորյանի՝ պատասխանը հստակ է․«Ռուսաստանը հարգում է Ադրբեջանին հենց այն պատճառով, որ Ադրբեջանը թքած ունի Ռուսաստանի կարծիքի վրա։ Բոլորը գիտեն նաև, որ Վրաստանն ուզում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ ու զարմանալի չէ, որ Վրաստանի ղեկավարը հանդիպում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, բայց Ադրբեջանն ինչու՞ է հանդիպում։ Հենց նրա համար, որ Ռուսաստանին ցույց տա, որ ինքն անկախ է։ Ասում է՝ Ռուսաստան, մենք ինչ ուզում անում ենք։ Դա հօգուտ Ադրբեջանի կաշխատի»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ իշխանություններն իսկապես վերջին շրջանում ակտիվացրել են արտաքին քաղաքականությունը, աշխարհի հետ համագործակցությունը, բայց ցավալի է, որ այնուամենայնիվ իրենց մեջ ուժ չեն գտնում նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցել, սկսել փոխել արտաքին քաղաքական վեկտորը․«Ռուսաստանի հետ համագործակցությունը ոչ մի լավ բանի չի բերում։ Դա ակնհայտ երևում է ու դրա հետևանքները մեզ համար շատ վատը կարող են լինել։Նորից եմ կրկնում՝ եթե Ադրբեջանի օրինակը չլիներ, ես կմտածեի՝ հնարավոր է ինչ-որ բաներ կան, որ մենք չգիտենք, բայց տեսանք, որ Ռուսաստանն ակնհայտ պրոադրբեջանական կոշտ քաղաքականություն վարեց։ Բայց նույնիսկ այս պայմաններում Ալիևը հանդիպում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ ու դա կուժեղացնի Ալիևի դիրքերը Կովկասում։ Քանի որ Ալիևը ինքնուրույնություն է ցուցաբերում, Ռուսաստանն ուզած-չուզած պետք է գնա զիջումների»։
Գրիգորյանի դիտարկմամբ՝ ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանը Ստոլտենբերգի հետ չի հանդիպելու․«Մեր արտգործնախարարը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ, կարծես թե այստեղ ոչ մի խնդիր չպետք է լիներ։ Եվ ես չեմ հասկանում՝ ինչու են մերոնք խուսափում ՆԱՏՕ-ի հետ ակտիվ աշխատել»։