
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը «Ալեն Սիմոնյանին Ազգային Ժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ» օրենսդրական նախագիծ է շրջանառության մեջ դրել։ Նախագծի հիմնավորումների մեջ նշված է՝ «Սիմոնյանի հայտարարությունները ու վարքագիծը ուղղակիորեն ազդում են Հայաստանի միջազգային հեղինակության վրա»։«Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը հաստատեց՝ կողմ են քվեարկելու նախագծին, թեպետ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ ՊՈՒ-ն դեմ է եղել նման նախագծի շրջանառության մեջ հայտնվելուն։
Քաղտեխոնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ընդդիմության այս նախաձեռնությունն արդյունավետ չէ․ «Հասկանալի է, որ ընդդիմությունը ցանկացած առիթ պետք է օգտագործի՝ հարվածելու իշխող ուժին։ ԱԺ նախագահն էլ տվել է այդ առիթը՝ գերիների մասին հայտարարություն անելով, որը լավ չի ընդունվել գերիների ծնողների կողմից։ Բնականաբար այս առիթը «Հայաստան» դաշինքը պետք է օգտագործեր, սակայն որքանո՞վ է դա արդյունավետ։ Այլ երկրներում գուցե նորմալ լիներ, միգուցե հենց ԱԺ նախագահը հրաժարական ներկայացներ, բայց անգամ Հայաստանի նման երկրում, եթե նման հարց են ուզում բարձրացնել, ապա դրան պետք է բավականին լավ պատրաստվես։ Այսինքն՝ երբ դու գիտես, որ քո ձայների քանակը մաքսիմում 28-29 է մի խմբակցության կողմից և 7 մյուս խմբակացության կողմից․․․ այն էլ սկզբում հայտնում են, որ երեքը չեն միանալու, հետո հայտնում են, որ միանալու են։ Ամեն դեպքում նույնիսկ 33 հոգու ձայների քանակը չի բավարարում»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը չի գտնում, թե ընդդիմությունը ոչ մի անգամ հրաժարականի հարց չի կարող բարձրացնել․ «Պետք է բարձրացնի, բայց դրա համար դու պետք է ասես՝ եթե խորհրդարանում ունես ձայների քիչ քանակ, ապա ինչո՞վ ես դու դա փոխհատուցում։ Եթե կարող ես դա փոխհատուցել հասարակության բավականին լայն զանգվածների աջակցությամբ, տասնյակ հազարավոր մարդիկ այդ պահին Ազգային ժողովը շրջապատելու են ու քո քննարկումների արդյունքներին են սպասելու, դա ուրիշ հարց է։ Իհարկե կարող են հարցը բարձրացնել, շատ լավ իմանալով, որ անգամ այն պատգամավորները, որոնք հայտնել են, որ նիստին չեն գալու, դրա փոխարեն թիկունքում ունես տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք էլ կստիպեն, որ նրանք առնվազն ներկա լինեն Ազգային ժողովում ու ինչ-որ քննարկում տեղի ունենա»։
Ըստ մեր զրուցակցի՝ ընդդիմությունը խորհրդարանից դուրս լայն աջակցություն չունի և այստեղ նույնիսկ հարյուր ծնողը հաշիվ չեն․ «Տվյալ դեպքում քո այս նախաձեռնությունն անարդյունավետ է և ցույց է տալիս ոչ թե քո հզորությունը, այլ քո դեմ է աշխատում։ Իսկ ցանկացած քաղաքական ուժ ցանկացած միջացառում իրականացնելիս պետք է հաշվի առնի թե դրա պլյուսն ու մինուսը որն են։ Պետք է անի ամեն ինչ, որ իր կողմից նախաձեռնած ցանկացած միջոցառում լինի հօգուտ իրեն։ Եթե հօգուտ քեզ չէ, ապա ինչու՞ ես անում»։
Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանին որպես թիրախ ընտրելուն, քաղտեխնոլոգը նշեց՝ ոչ թե քաղաքական գործիչ Ալեն Սիմոնյանն է թիրախավորվում, այլ հենց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Հիմա խորհրդարանական երկրում բնականաբար ԱԺ նախագահի պաշտոնը շատ կարևոր է։ Եթե այլ իրավիճակ լիներ կարևոր կլիներ նաև, թե ով է փոխարինելու Ալեն Սիմոնյանին։ Հաշվի առնելով ՔՊ խմբակցության ներքին պառակտվածության հարցը, կարող ենք ասել, որ ապագա ԱԺ նախագահի թեկնածուն շատ բարդ կգտնվեր։ Կարող էր տեղակալներից մեկն ընտրվել, բայց արդյոք նա կունենար այն նույն կշիռը, ինչ նախորդ նախագահը։
Ես չեմ ասում, որ այսօրվա ԱԺ նախագահը մեծ հեղինակություն ունի, բայց այսօրվա խմբակցությունը նոր թեկնածու հեշտ չէր գտնելու։ Ենթադրում եմ, որ նման իրավիճակը այսօրվա դրությամբ չի բխում վարչապետի շահերից»,-եզրափակեց նա։
Լուսանկարը՝ panorama.am-ի