
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը
ԱԺ-ում սահմանազատման և սահմանագծման հիմանխնդիրների մասին հայտարարության նախագիծ է մշակվում: Վերջերս էլ տեսանք, որ փոխվարչապետների մակարդակով հնարավոր չի լինում գալ ընդհանուր հայտարարի: Նշվում է, որ ճիշտ կլինի հիմք ընդունել 1920-ականների քարտեզները, բայց փաստացի ստացվում է, որ Ադրբեջանը դեմ է դրան: Ձեր կարծիքով որքանո՞վ «Զանգեզուրի միջանցքի» հանգամանքը խոչընդոտ է հանդիսանալու սահմանազատման ու սահմանագծման գործընթացի համար:
Ադրբեջանն ամեն ինչ անում է իր ասած միջանցքը ստանալու համար, որը Հայաստանի համար ինքնասպանության նման մի բան է՝ երկիրը երկու կտորի բաժանել: Լրիվ կառանձնանան Հայաստանի երկու մասերը: Դա անկարելի է, և նման հարցերը կարող են լուծվել միայն հանրաքվեի միջոցով:
Մինչդեռ սահմանազատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած սահմանի մասին խոսելն է, և մենք պետք է վերադառնանք 1920-ական թվականների սկզբների քարտեզին, որը ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ միայն իրենք ունեն: Այսինքն ինքը ոչ մեկի չի տվել այդ քարտեզը, միայն ինքը գիտի՝ այդ քարտեզում ինչ է նշված: 1929-1930 թվականներին արդեն այս սահմանները փոխվել էին, շատ տարածքներ տրվել էին Ադրբեջանին՝ Կարմիր Քրդստան ստեղծելու պատրվակով: Դա չիրականացավ, բայց այդ պատրվակով վերցված տարածքները չվերադարձվեցին Հայաստանին: Ես միշտ էլ առաջարկել եմ, որ մենք պետք է Ռուսաստանից ուզենք այդ 1920-ականների սկզբի իրենց շտաբի քարտեզը, և ըստ դրա պետք է վերադառնանք մեր հողերին, մեր պահանջներին: Մենք ինչ էլ ասենք, Ալիևն, իհարկե, չի համաձայնելու, բայց դա արդեն բանակցությունների խնդիր պետք է դառնա:
Ըստ ձեզ ինչո՞ւ այդ քարտեզը չեն հանրայնացնում, գուցե Հայաստանի շահերից բխող հատված կա:
Ինձ թվում է, որ այդ քարտեզը չեն հանրայնացնում, որ Ադրբեջանին գլխացավանք չպատճառեն, որովհետև այդ քարտեզի վրա հավանաբար, հազար քառակուսի կիլոմետրից ավելի այն տարածքները, որոնք հետագայում տրվեց Ադրբեջանին, այդ քարտեզի մեջ դրանք ամբողջովին Հայաստանի տարածքում են գտնվում: Քանի որ այդ քարտեզի չեմ ասում կրկնօրինակը, բայց դրա հենքի վրա պատրաստված քարտեզը հրատարակված է 1926 թվականին Սովետական մեծ հանրագիտարանում, որտես Հայաստանի քարտեզ, որը պետք է համընկնի պետական քարտեզին: Այն վավերացում է ստացել և հրատարակվել է: Դրա մեջ, օրինակ, Արծվաշենն իր ամբողջ տարածաշրջանով Հայաստանի տարածքում էր, այդ քարտեզում Ալ լճերն ամբողջովին Հայաստանի տարածքում էին, Գորիսի, Կապանի շրջանում տարածքներ կային, որ մերն էին, հետո տրվեցին Ադրբեջանին: Այսօրվա, այսպես կոչված, Էյվազլի գյուղի շրջանը, որտեղ Գորիսից հայկական ճանապարհը մտնում է Ադրբեջան, դուրս էր գալիս, դա էլ էր Հայաստանի տարածքում, որը հետո տրվել Ադրբեջանին: Այդ քարտեզը Ադրբեջանի համար բոլորովին նպաստավոր չի, դրա համար էլ մեզ չի տրամադրվել այդ քարտեզը: Կարծում եմ՝ նաև Ադրբեջանն էլ չունի այդ քարտեզը:
Հիմա ԱԺ-ն սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ հայտարարության նախագիծ է մշակում, այդտեղ կարելի՞ է այդ քարտեզների մասով հստակ բան նշել: Ի՞նչ առաջարկ կարող եք անել:
Իմ առաջարկն այն է, որ եթե պետք է սահմանազատում արվի, սահմանների մեջ խնդիր կա: Խորհրդային սահմանները խնդիր ունեն, որը Խորհրդային Միությունն է ստեղծել: Դրա համար պետք է որպես հիմք ընդունել 1920-ականների սկզբի քարտեզը, նոր դրա հիմքով բանակցել Ադրբեջանի հետ:
Ադրբեջանի նախագահը պահանջում է Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» տալու ժամկետներ նշել: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:
Ադրբեջանը եձրկու տեսակ հայտարարություն է անում, մեկը ներքին լսարանի համար է, որտեղ ասելու է, որ Հայաստանը պետք է մեզ միջանցք տա, մյուսը աշխարհի համար է: Եթե մենք նույնիսկ ընդունենք, որ այդ ճանապարհները մեր վերահսկողության տակ լինեն, և իրենք կարողանան անցնել, իրենք իրենց երկրի ներսում հայտարարելու են՝ մենք արդեն միջանցքը ստացանք: Սա սովորություն է Ադրբեջանի ղեկավարության համար:
Բայց արդյո՞ք Հայաստանի համար շհեկան քարտեզներ կդրվեն բանակցային սեղանին:
Մինչև չտեսնենք, չենք կարող ասել, թե ինչ է: