Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, Կատարում այցելել է «Համադ» հիվանդանոց:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հիվանդանոցի գործադիր տնօրեն Աբդուլահ Ալ Անսարին տիկին Նունե Սարգսյանին Ներկայացրել է բժշկական հաստատության գործունեությունը: Նա նշել է, որ «Համադ» բժշկական կորպորացիան՝ HMC-ն, կառավարում է 14 հիվանդանոց, որոնք, համատեղելով նորարարական հետազոտությունները, բարձրակարգ կրթությունը և գերազանց կլինիկական խնամքը, մատուցում են որակյալ և ժամանակակից բժշկական ծառայություններ:
Ըստ աղբյուրի՝ հիվանդանոցի ղեկավարությունը, նշելով, որ «Համադ» հիվանդանոցում աշխատում են նաև հայեր, հատկապես բարձր է գնահատել Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, լորդ Արա Դարզիի ներդրումը Կատարի առողջապահական համակարգում, և մասնավորապես «Համադ» հիվանդանոցի զարգացման մեջ:
Հիվանդանոցի ղեկավարության հետ զրույցում տիկին Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանն ու Կատարը, լինելով փոքր երկրներ, ձգտում են հաջողության: «Մենք ցանկանում ենք հաջողակ լինել բժշկության, տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում,- ասել է Նունե Սարգսյանը:
-Ցանկանում ենք դառնալ աշխարհի փոքր, բայց հաջողակ երկրներից, ինչպիսին Կատարն է: Ուրախ կլինենք բուժանձնակազմի, ուսանողների, ինչպես նաև փորձի և գիտելիքի փոխանակում իրականացնել հատկապես առողջապահության կառավարման ոլորտում»:
Այցի ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան այցելության և փոխգործակցության ուղղությունների հստակեցման վերաբերյալ: