
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկմանը հայտարարում է, որ Հայաստանի կառավարող մեծամասնությունը քաղաքական ռեսուրսների սպառված վիճակում է և դա բերում է նրան, որ Հայաստանը հայտնվում է արտաքին ուժգին ճնշումների ներքո: Նախկին նախարարը իրավացի է տեսական իմաստով՝ քաղաքական ռեսուրսների սպառումը բերում է արտաքին ճնշման ավելացման: Ամբողջ հարցն այն է, թե ինչ է նշանակում քաղաքական ռեսուրս պետական օրգանիզմի մասշտաբով:
Բանն այն է, որ քաղաքական ռեսուրսի իմաստով Հայաստանն այսօր ունի խնդիր, որը առավելապես հենց Սեյրան Օհանյանի դաշտում է: Հանուն արդարության պետք է նկատել, որ Հայաստանն այդ խնդիրը ունեցել է միշտ, այդ թվում այն ժամանակ, երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, իսկ Հայաստանն արտաքին ուժգին ճնշման տակ ստիպված էր տեղի տալ անվտանգային խաթարումներով ակնհայտորեն հղի ճնշումներին, Հայաստանը Եվրասիա-թյուրքական բլոկներով խեղդելու նպատակադրումներին: Բայց, առավել ևս անցած լինելով այդ ամենով, պաշտպանության նախկին նախարարի համար թերևս առավել քան հստակ պետք է լիներ, թե արտաքին ճնշումներին դիմակայելու համար պետության համար ինչ կարևոր նշանակություն ունի քաղաքական որակներով աչքի ընկնող, բովանդակային ընդդիմությունը, որը պետության անվտանգային և զարգացման այլ խնդիրների առումով ներկայացնում է որևէ իշխանության մոտեցումների բովանդակային այլընտրանք, այլ ոչ թե դնում ամեն գնով իշխանության վարկանիշը «մինչև քոքը» մաշելու խնդիր, առաջնորդվելով «նպատակն արդարացնում է միջոցը» տրամաբանությամբ: Այդ տրամաբանությունը «մինչև քոքը» մաշեցնում է հենց Հայաստանի քաղաքական ռեսուրսը: Հայաստանի ներկայիս կառավարող մեծամասնությունը բոլորովին աչքի չի ընկնում իր քաղաքական բովանդակության որակով և խորությամբ, սակայն այդուհանդերձ կարողանում է այլ բաղադրիչների շնորհիվ ապահովել ռեսուրսային բազայի կարևորագույն գործոններից մեկը՝ լեգիտիմությունը:
Հանուն արդարության պետք է նկատել նաև, որ իր քաղաքական անորակությամբ և իր «կենսագրությամբ», գործող իշխանության լեգիտիմության հարցում նրան կամա, թե ակամա էապես օգնում է հենց այն ընդդիմությունը, որ ներկայացնում է Սեյրան Օհանյանը: Սակայն, սա խաղի կարճաժամկետ մեխանիզմ է և զուրկ է Հայաստանում խորքային դիմադրունակություն ապահովելու ներուժից, որովհետև այդ խորքային քաղաքական դիմադրունակությունը ձևավորվում է երկու առանցքային բաղադրիչի օգնությամբ՝ լեգիտիմ իշխանություն և լեգիտիմ ընդդիմություն: Հայաստանում առյաժմ մի վիճակ է, երբ մեկի լեգիտիմության «սնուցող» ռեսուրս է մյուսի ոչ լեգիտիմությունը: Հայաստանի քաղաքական ռեսուրսային ապահովման համար կարևորագույն է այն, թե կա՞ արդյոք Հայաստանում ռեսուրս այդ իրավիճակը շտկելու և քաղաքական դիմադրունակության երկու թևերի լեգիտիմության բովանդակային, որակական համաչափ բազա ապահովելու համար:
Լուսանկարը՝ panorama.am-ի