«Արտահերթ ընտրությունների սահմանադրական հիմքեր չկան, իսկ արհեստական արտահերթի դեպքում հեղափոխական մթնոլորտ կստեղծվի»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանության միջև վերջին միջադեպին, նա նշեց, որ ոստիկանությունը հերթական անգամ ապացուցեց, որ առաջնորդվում է Խորհրդային Միության սկզբունքներով՝ պաշտպանում է ոչ թե քաղաքացուն, այլ իշխանությանը: Խոսելով ոստիկանապետի այն հայտարարության մասին, թե ակտիվիստներն են մեղավոր, բանախոսը մեջբերեց Ռուզվելտի խոսքերը, որ ոստիկանին և դատախազին հավատալը միամտություն է:
Անցում կատարելով արտաքին քաղաքական զարգացումներին՝ Խաչատրյանը նշեց, որ այստեղ երկու գործընթաց կա` Թուրքիայի և Հայաստանի հաշտեցումը վերահսկում է ԱՄՆ-ը, սակայն «ճանապարհային քարտեզ» ասվածը հանգեց արգելափակման, իսկ ղարաբաղյան գործընթացի ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում Ռուսաստանը, բայց հանդիպում ենք Ադրբեջանի մասնավորապես Ալիևի ագրեսիային և ռազմատենչ հայտարություններին:
Խաչատրյանն ասաց, որ չի կարող ասել՝ պատերազմ կլինի, թե՝ ոչ, սակայն նշեց՝ Արդրբեջանն իր շեշտը դրել է նրա վրա, որ Թուրքիայի և իր կողմից Հայաստանի շրջափակումը կհյուծի Հայաստանին, և հայությունը իր դիմադրողականությունը կկորցնի: Նաև բնակաչության արտագաղթի պատճառով Հայաստանը վճռորոշ պահի ինքնապաշտպանություն չի կարող իրականացնել, և այս հաշվարկները մեզ համար պետք է լինեն շատ բանի մասին խոսող ահազանգ:











































