ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 9-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ և ներկայացրել Հայաստանի և Ադրմեջանի սահմաններին անվտանգության ապառազմականացված գոտու ստեղծման հրատապությունը։ Այս մասին Թաթոյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։
«Հանդիպման ընթացքում օրինակներով ցույց եմ տվել, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները կատարում են Հայաստանի բնակչության իրավունքները կոպիտ խախտող արարքներ՝ սկսած այն պահից, երբ հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին. կրակոցներ, հրհդեհում են արոտավայրեր և այլն:
Հատուկ անդրադարձել եմ Սյունիքում ճանապարհների արգելափակմանը, նշել, որ ալընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողների նշանառության ներքո են ճանապարհը, քաղաքացիական բնակիչները, նրանց տները:
Շեշտել եմ, որ խախտումների վերացման իրական լուծումը բոլորովին այլ է. դա ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի հարևանությունից ու ճանապարհներից»,- նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
Նա հավելել է, որ պետք է լինի ապառազմականացված [անվտանգության] գոտի, որի մասին կետը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021թ.սեպտեմբերի 27-ի բանաձևում:
«Բացատրել եմ, որ դա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար»,- գրել է Թաթոյանը և հավելել՝ հանդիպման ընթացքում որպես առանձին խնդիր նշել է, որ որ միջազգային կառույցները չեն այցելում Արցախ (Լեռնային Ղարաբաղ). ստացվում է՝ Եվրոպայի խորհրդի տարածքում կա վայր, որ հասանելի չէ ընդհանրապես, ինչը հակասում է հենց ԵԽ խորհրդարանական վեհաժողովի բանաձևերին:
«Մանրամասն անդրադարձել եմ հայ գերիների ազատ արձակմանը, Հայրենիք նրանց վերադարձի հրատապությանը, որոնք ապօրինաբար են պահվում Ադրբեջանում:
ԵԽ գլխավոր քարտուղարին շնորհակալություն եմ հայտնել պատերազմի սկզբում ու դրանից հետո զինված հարձակումները դադարեցնելու հայտարարությունների և կոչերի, իր անձնական ջանքերի համար:
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը բարդ ու ճգնաժամային իրավիճակում:
Գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Կարևորել է Պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դիրքորոշումներ ուղարկելու պրակտիկան: Ինքս կարևորել եմ այս պրակտիկան ու նաև նշել, որ դա անում ենք նաև ՀԿ-ների հետ համատեղ»,- հայտնել է ՀՀ օմբուդսմենը:
Ըստ նրա՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Զինված ուժերում մարդու իրավունքների, կանանց իրավունքների պաշտպանությանը, խոշտանգումների կանխարգելմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Թաթոյանը հանդիպման ավարտին ԵԽ գլխավոր քարտուղարին է փոխանցել նշված թեմաներին վերաբերող արտահերթ զեկույցները: