«Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով՝ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։ Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հարությունյանը ձերբակալվել է՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացնելու համար։
Հիշեցնենք, որ Վարդենիս խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրությունների արդյունքում 12 մանդատ ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը», 10՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը, 5՝ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը: Ելնելով արդյունքներից՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և
«Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը Համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն են ստորագրել:
Դաշինքը հայտարարություն է տարածել՝ իշխանությունները փորձում են ձերբակալությունների միջոցով ստանալ ձայնային առավելություն, ինչի համար էլ ձերբակալվել է Արամ Հարությունյանը։