ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 6-ին բանակցություններ կանցկացնի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ. հանդիպման հիմնական ձեւաչափը կդառնա երկու երկրների ղեկավարների անձնական շփումը:
Նախորդ անգամ Պուտինը եւ Մոդին հանդիպել Էին 2019 թվականին՝ Բրազիլիայում անցկացված BRIKC-ի գագաթնաժողովի շրջանակներում. վերջին երկու տարում կորոնավիրուսի համավարակի պատճառով ղեկավարները կանոնավոր շփումները պահպանել են հեռավար ձեւաչափով: «Ղեկավարների միջեւ հարաբերությունների հատուկ դեմ առ դեմ ձեւաչափին ե՛ւ հնդկական կողմը, ե՛ւ մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս, քանի որ դա թույլ Է տալիս բացեիբաց քննարկել միջազգային իրադրության ամենաբարդ, ամենանուրբ հարցերը»,- ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին պատմել Է Պուտինի՝ Հնդկաստան այցի նախաշեմին:
Նա ընդգծել Է, որ «երկրների միջեւ բոլոր բանակցությունների միջուկը ղեկավարների անձնական շփումն Է, եւ դա ապահովված Է այցի ընթացքում»: Պուտինը Հնդկաստան կայցելի պատասխան այցով: Մոդին Ռուսաստան Էր ժամանել 2019 թվականի սեպտեմբերին՝ մասնակցելու Արեւելյան տնտեսական համաժողովին: Ուշակովը պատմել Է, որ ՌԴ նախագահի այցը պլանավորված Էր վաղուց, եղել են նույնիսկ այցը 2020 թվականին իրականացնելու կոնկրետ պլաններ, սակայն ստեղծված բարդ սանիտարա-համաճարակային իրադրության պատճառով ամեն ինչ հետաձգվել Է: Այս անգամ բանակցություններին կմասնակցի սահմանափակ կազմով պատվիրակությունը:
Ռուսական կողմից նախագահին կուղեկցեն արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ նախագահի օգնական Յուրի Ուշակովը. պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունների փուլում նրանց կմիանա «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը: Ուշակովի խոսքով՝ ծրագրում պլանավորված Է ճաշ, որը Մոդին կազմակերպելու Է նախագահ Պուտինի պատվին. այն կանցկացվի դեմ առ դեմ ձեւաչափով: «Ղեկավարները կկարողանան քննարկել առավել նուրբ եւ, հնարավոր Է, բարդ հարցեր, որոնք չեն հասցրել արծարծել պատվիրակությունների կազմով բանակցությունների ընթացքում»,-ասել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: