ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարգադրել Է խոնարհել դրոշները երկրի կառավարական շենքերի վրա ի հիշատակ հանրապետական սենատոր եւ 1996 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բոբ Դոուլի (Ռոբերտ Ջոզեֆ Դոուլի), որը կյանքից հեռացել Է 98 տարեկան հասակում:
Այդ մասին ասված Է այն հաղորդագրության մեջ, որը դեկտեմբերի 5-ին տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «Ի նշան հարգանքի Ռոբերտ Դոուլի՝ պետական գործչի, որը քչերին Է նման մեր պատմության մեջ, պատերազմի հերոսի, Մեծ սերնդի մեծագույն ներկայացուցիչներից մեկի նկատմամբ, ես սույնով հրաման եմ տալիս (…), որ խոնրարհված լինեն Միացյալ Նահանգների դրոշները (…) մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 9-ը»,- ասված Է հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի դրոշները խոնարհված կլինեն երկրի պետական շենքերի, այդ թվում Սպիտակ տան վրա, ինչպես նաեւ բոլոր դեսպանատների, ռազմակայանների եւ նավերի վրա: Ռոբերտ Դոուլը 27 տարի՝ 1969-ից մինչեւ 1996 թվականը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում ներկայացրել Է Կանզասի նահանգը, իսկ մինչ այդ ութ տարի եղել Է Ներկայացուցիչների պալատի անդամ: 1996 թվականի նախագահական ընտրություններում նա եղել Է հանրապետականների թեկնածուն, սակայն տանուլ Է տվել դեմոկրատ Բիլ Քլինթոնին, որը վերընտրվել Է երկրորդ ժամկետով: Ինչպես նշում Է Reuters գործակալությունը, փետրվարին Դոուլը հայտնել Է, որ իր մոտ ախտորոշել են թոքերի քաղցկեղ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: