Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմմուրը իր կողմնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ նախագահի պաշտոնին ընտրվելու դեպքում երկրից վտարելու է անօրինական բնակվող արտասահմանցիներին, երկքաղաքացիություն ունեցող հանցագործներին։ Նա հայտարարել է Reconquête (Վերանվաճում) շարժում սկսելու մասին։
Ռեկոնկիստան 718-1492 Պիրենեյան թերակղզում մուսուլմանների նվաճած տարածքների վերադարձն էր քրիստոնյաների տիրապետության տակ, այդ թվում ռազմական, վերաբնակեցման եւ տարածքների տնտեսական յուրացման ճանապարհով։
Մենք պատրաստվում ենք վերանվաճել Ֆրանսիան, այն դարձնել համաշխարհային արդյունաբերական տերություն, ասել է նա իր կողմնակիցների հետ հանդիպմանը։
Լրագրող Զեմմուրը հայտնի է միգրանտների հարցում իր կոշտ դիրքորոշմամբ։ Նա հանդես է գալիս միգրանտներին հարկադիր վտարելու օգտին։ Նա պահանջում է չեղարկել այն օրենքը, ըստ որի միգրանտների՝ Ֆրանսիայում ծնված երեխաներին քաղաքացիություն է շնորհվում։ Բացի այդ, նա պահանջում է երեխաներին ֆրանսիական անուններ տալ, «քանի որ երեխային Մուհամեդ անվանելը հավասարազոր է Ֆրանսիայի գաղութացմանը»։
Զեմմուրը երկու անգամ մեղավոր է ճանաչվել ռասայական եւ կրոնական ատելություն հրահրելու համար։