«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ Լեռնիկ Ալեքսանյանը։
-Պարոն Ալեքսանյան, դեկտեմբերի 18-ին ՀՀԿ 17-րդ համագումարն է։ Մամուլը գրում է, որ ՀՀԿ ԳՄ-ում միաձայն որոշել են՝ Սերժ Սարգսյանին վերընտրել։ Մինչդեռ երբ կուսակցությունից դուրս եկաք, նշում էիք, որ պետք է կուսակցության լիդերների փոփոխություն լինի։ Սերժ Սարգսյանին այլընտրանք կուսակցությունում, փաստորեն, չկա՞։
-Երկու տարի է՝ ես, Ֆիրդուս Զաքարյանը և Ռազմիկ Մարտիրոսյանը դուրս ենք եկել ՀՀԿ-ից և այլևս խորհրդի անդամ չենք։ Մենք ստեղծել ենք նոր կուսակցություն, որը կոչվում է «Կայունություն»։ Բայց ես միշտ ասել եմ, հիմա էլ կրկնեմ, այսօրվա Հանրապետական կուսակցությունը մինչև իր դեմքը չփոխի, մինչև երիտասարդներ չգան, չի կարող կարգին ընդդիմություն լինել։ Եվ միայն կուսակցության առաջին դեմքով չի պայմանավորված փոփոխության անհրաժեշտությունը, ամբողջ կուսակցությունում պետք է թարմացում տեղի ունենա։ Եվ սա ասում եմ ոչ թե Հանրապետական կուսակցությանը փնովելու նպատակով, այլ, հակառակը, սիրտս ցավում է այդ կուսակցության համար, որովհետև շատ մեծ սիրով եմ մտել այդ կուսակցություն, սիրով աշխատել ենք, և ցավ է, որ այսօր հասարակությունը, լսելով ՀՀԿ անունը, բացասական ռեակցիա է տալիս։ Դրա համար շատ կուզեմ, որ ՀՀԿ կորիզը համագումար անելուց հետո ջահելներին առաջ բերի, իսկ եթե համագումարի մասնակիցները, անդամները լինեն ջահելներ, բնականաբար, փոփոխություններ բերող կլինեն։ Եվ եթե հները մնան, իրեն պետք է ընտրեն։ Եվ այստեղ միայն Սերժ Սարգսյանի անունը չէ, Հանրապետական կուսակցությունը լուրջ թարմացման կարիք ունի և իր գաղափարախոսությունը շատ լավն է, իր արմատները բավականին ամուր են, Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան և կուսակցությունը այսօր էլ, եթե ուզենա, կարող է փրկել իր դեմքը։
-Ինչպե՞ս, երբ օրեցօր նվազում է կուսակցության անդամների թիվը։ 2018-ից հետո կուսակցությունում մնացել են ընդամենը 12-13 հազար անդամ, բայց հիշում ենք, թե ինչպես էին մեկ գիշերում 12․000 հոգու անդամագրում կուսակցություն։
–Առողջ ընդդիմությունն այսօր անհրաժեշտություն է։ Առողջ ասելով՝ ես նկատի ունեմ ոչ թե դիմացինին փնովել, այլ նաև ցույց են տալիս, թե ինչ պետք է անեն։
-Այս առումով, խորհրդարանում նրանց ներկայությունը ինչպե՞ս եք գնահատում։
-Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում իշխանությանը քննադատելուց առաջ պետք է նոր ծրագրեր ներկայացնի, նոր դեմքեր հայտնվեն կուսակցությունում, և ապագային միտված ծրագրեր առաջարկի, այլապես եթե նրանք ասօր իշխանությանը ասում են՝ մենք սա լավ էինք արել, իշխանությունն էլ հակադարձում է՝ եթե լավ եք արել, ինչու ժողովուրդը չի գնահատել։ Այսինքն՝ փոփոխությունը պարտադիր է միայն նրա համար, որ ներկայացված ծրագրերը միտված լինեն ապագային։ Իրենք իրենց սխալները պետք է սրբագրեն, զտեն, այն մարդիկ, որոնք կուսակցության համար պիտանի չեն, պետք է մաքրեն, որ կարողանան նոր խոսք ասել, այլապես չեն հավատում իրենց, ինչ էլ փորձեն ասել։ Եվ եթե Հանրապետական կուսակցությունը հիմա նոր դեմքով հանդես չգա, բնականաբար, չեմ կարծում, որ ինքը հաջողություններ ունենա։
-Մամուլը գրում է, որ խորհրդարանական մյուս ընդդիմությունը «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել է եկող շաբաթ մեկնարկող քառօրյայի նիստերը բոյկոտել-չբոյկոտելու հարցը։ Քոչարյանը պարբերաբար այսպիսի հանդիպումներ է անում, ասում, թե որքան կարճ ժամանակ է մնացել իշխանությանը։ Արդյոք նրանք որևէ հնարավորություն ունե՞ն, երբ հանրությունը նրանց մերժում է։
-Ճիշտ եք, ես համարում եմ, որ մեր քաղաքական դաշտի դժբախտությունն այսօր կայանում է նրանում, որ փակվել է քաղաքական դաշտը, որպես ընդդիմադիրներ այլ ուժեր չեն կարող մտնել այդ դաշտ, և մեր քաղաքական դաշտի դժբախտությունն այն է, որ և՛ «Պատիվ ունեմ»-ը և հատկապես Քոչարյանի թիմն ընդդիմադիր կեցվածք են ընդունել, և մյուս կուսակցությունները չեն կարողանում մտնել քաղաքական դաշտ։ Սա ամենաբացասական երևույթն է մեր քաղաքական դաշտի։ Սա նշանակում է, որ մեր քաղաքական դաշտը բաց տեղեր ունի։ Իսկ այսօր կան շատ ընդդիմադիրներ, որոնք ո՛չ Քոչարյանի, ո՛չ էլ «Պատիվ ունեմ»-ի գաղափարակիցն են, բայց չեն կարող մտնել քաղաքական դաշտ։
-Այսինքն՝ «Պատիվ ունեմ»-ը և «Հայաստան» դաշինքը պարալիզացրե՞լ են ընդդիմադիր դաշտը։
-Այո՛, իրենք զբաղեցրել են ընդդիմադիր դաշտը, բնականաբար, իրենք կուզեն զբաղեցնեն, և մեր հասարակությունը պետք է հաղթահարի այն, որ ընդդիմադիր դաշտը պետք է զբաղեցնեն նրանք, որոնք քիչ թե շատ հեղինակություն են վայելում հասարակության մեջ, որոնք քիչ թե շատ գաղափարական հենքի վրա են, մարդ-կուսակցություններ չեն, ծրագրեր ունեն ապագային միտված։ Ես նրանց մեծ մասի ծրագրերը նայել եմ, մեծ մասի ծրագրերը նույնն են՝ տնտեսության զարգացում և այլն, բայց ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով, շատ քիչ կուսակցություններ են կան այսօր, որ դա քննարկում են։ Բացում ես նրանց վարչության նիստերը և տեսնում, որ չկա մեկ վարչության նիստի որոշում, որ գոնե մեկ հոգի դեմ լինի, այսինքն՝ այս կուսակցությունները կայացած չեն։
Եվ սա փակ շղթա է, տա Աստված, որ այդ շղթաներից մեկը բացվի և այնտեղ հայտնվեն հանրության վստահությունը վայեկող քաղաքական ուժեր։
Ես կարծում եմ, Սարգսյանը, Քոչարյանը իշխանության գալու շանս չունեն, ժողովուրդը երբ մեկ անգամ տեսել է արդեն, տեսել է նրանց սխալները, նրանց չի կարող վերադարձնել քաղաքական իշխանության, թեև նրանք փորձառու են, դա քաղաքական օրինաչափություններին չի համընկնում։ Այսօր հանրությանը ապագային միտված ծրագրեր են հետաքրքրում»