
Հայաստանի շուրջ տեղի ունեցող արտաքին քաղաքական, ռեգիոնալ ռազմա-քաղաքական, տնտեսական և անվտանգային զարգացումների անմիջական դիտարկումը կամա, թե ակամա վերստին բացում է Հայաստանի ներքաղաքական կյանք ասվածի դատարկ համայնապատկերը, ընդ որում թե խորհրդարանական, թե նաև զգալի մասով արտախորհրդարանական տիրույթում: Կա իրավիճակի թերևս բավականին պարզ ցուցիչ՝ ի՞նչ ուժեր են գործունեություն ծավալում քաղաքական բովանդակություն, քաղաքական տեքստ և քաղաքական միտք ձևավորելու ուղղությամբ:
Հայաստանի ներքաղաքական կյանքը լցված է տարբեր բնույթի, տարբեր ոճերի, սակայն ըստ էության միևնույն բովանդակությամբ պաթոսախեղդ կամ լալահառաչ կոչերով ու հռչակագրերով՝ հայրենիքի փրկության, «դավաճան իշխանության» և այլնի մասին: Տարբերությունն այն է, որ մեկը Թուրքիայից ու Ադրբեջանից «հայրենիքը փրկում» է Ռուսաստանի հետ, մյուսը՝ Արևմևտքի հետ հայրենիքը փրկում է Ռուսաստանից և Թուրքիայից, երրորդը փրկության մեկ այլ կոմբինացիա է մատուցում, չորրորդը այլ: Ու այդպես շարունակ, և ըստ էության ոչ մի քաղաքական կոնցեպտուալ գաղափար կամ միտք, կամ այն ստանալու փորձ, որը կարող էր գործնական քաղաքական ուշադրություն գրավել թեկուզ այն տեղերում, որոնց հետո փորձում են փրկել Հայաստանը:
Հայաստանի ներքաղաքական կյանքում հնարավոր է արձանագրել քաղաքական տեքստի, մտքի, գաղափարի ձևավորման մեկ-երկու փորձ, որոնք սակայն մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չեն կարող եղանակ փոխել համատարած միտումների պայմաններում: Մոտ երեք տասնամյակ Հայաստանում դա էր ներքաղաքական պատկերը, որը սակայն ծածկվում էր առաջին պատերազմի հաղթանակով ձևավորված ստատուս-քվոյով, ինչը ըստ էության փոխարինում էր Հայաստանի ներքաղաքական բովանդակությանը և մյուս կողմից ծածկում այն: Օբյեկտիվ էր այդ պատկերը, սուբյեկտիվ, սա այլ խոսակցության առարկա է և այդ խոսակցությունը չի ծավալվել տարիներ շարունակ հենց քաղաքական մտքի ու բովանդակության բացակայության պատճառով: Բայց, չկա ստատուս-քվոն և բաց է Հայաստանում քաղաքական վակուումը, քաղաքական սնանկությունը, բովանդակային «անօդ տարածությունը» կամ քաղաքական «սև խոռոչը»: Իսկ քաղաքական բովանդակությունը ցանկացած պետական օրգանիզմի դիմադրունակության առանցքային պայմանն է և հայկական պետական օրգանիզմը զրկվել է իմունային համակարգից հենց քաղաքականությունից զրկվելուն զուգահեռ, երբ կարող էր պետության առաջին դեմքերից որևէ մեկի մակարդակով հնչել արտահայտություն, թե «քաղաքականության մեջ խելք պետք չէ»: Միայն թե այդ արտահայտությունը Հայաստանում դարձավ զավեշտի առարկա, իր թե քաղաքական, թե անգամ քաղաքակրթական լրջությամբ ընկալվելու փոխարեն, ընդ որում մի շրջափուլում, երբ իրականում տեղի էին ունենում պետության համար ճակատագրական գործընթացները, որոնց հետևանքները պետք է գային ավելի ուշ, դանդաղ և ծանր ընթացքով:
Լուսանկարը՝ panorama.am-ի