
ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հաստատել է Բայդեն-Պուտին հանդիպման նախապատրաստական աշխատանքը, նշելով, որ հստակ չեն ժամկետները: Փոխարենը, հստակ է, որ հանդիպումը կլինի տեսակոնֆերանսի ռեժիմով: Խոսվում է, որ այն կլինի դեկտեմբերի 7-ին, թեև ժամկետի մասին հստակ պայմանավորվածություն չկա:
Անկասկած է, որ Բայդեն-Պուտին հանդիպումը էական նշանակություն կունենա նաև հարավկովկասյան իրավիճակի համար, իսկ ահա՝ թե ինչպիսի նշանակություն, սա անորոշ է, այնքանով, որքանով անորոշ է, թե ինչպիսին է լինելու այդ հանդիպման օրակարգը, որոնք են լինելու ամերիկյան կողմի խնդիրները և ինչ խնդիրներ է հետապնդելու ռուսական կողմը: ԱՄՆ-ը փորձում է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք միտված են ռեգիոնալ կայունությանը, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, անդրադառնալով նաև Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներին: Այդուհանդերձ, ի՞նչ է մտադիր ԱՄՆ հարավկովկասյան ռեգիոնում, ո՞րն է ԱՄՆ քաղաքականության առանցքը: ԱՄՆ-ը կձգտի մեծացնել արցախյան հարցում դերակատարությու՞նը և վերցնել նախաձեռնությունը Ռուսաստանից, թե՞ այդ հարցում պատասխանատվությունը թողնելով ՌԴ վրա՝ ճանաչելով Ռուսաստանի առանձնահատուկ դերն այդ հարցում և օժանդակելով դրա իրացմանը (ինչի կարիքը Ռուսաստանը խոշոր հաշվով ունի) , ձգտել առաջ տանել այսպես ասած ժողովրդավարական գիծը՝ կառուցելով այն Հայաստան-Վրաստան ուղղության վրա:
Ամերիկյան քաղաքականությանն առնչվող հարցերը շատ են: Նոյեմբերի սկզբին ռեգիոն ժամանեց Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկա Օլսենը, որի այցի ընթացքում նաև տեղի ունեցավ ԱՄՆ ռեգիոնալ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք, նախանշելու համար այն քաղաքականությունը, որ պետք է իրագործի Վաշինգտոնը ռեգիոնում: Արդյո՞ք Բայդենը կարող է առաջարկել Պուտինին այդպիսի «գործարք» Կովկասում: