
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քարտեզագրող Շահեն Շահինյանը
-Պարոն Շահինյան, Պուտինը, անդրադառնալով սահմանսզատմանը և սահմանագծմանը, հայտարարել էր, որ խնդիրը բարդ է, իրենց հասել է դեռևս ԽՍՀՄ-ից, հստակ սահման չի եղել, բայց այս ամենի մասին խոսելու հնարավորություն կա: Այս դեպքում, 2020 դեկտեմբերին ռուս զինվորները ի՞նչ հիմքով էին ադրբեջանցիների հետ GPS-ով Հայաստանից օտարում Գորիս-Կապանի 21 կիլոմետրը ու Կապան-Ճակատենի 2-3 կիլոմետրը։
-Երբ խոսում ենք Գորիս-Կապան ճանապարհի մասին, իրավական հիմքերը գոնե ինձ համար անհայտ են, քանի որ մինչ օրս պետական մարմիններն իրավական հիմքերի հրապարակում չեն արել և խոսք չի եղել, թե պետական սահմանազատման հիմքերը որոնք են, ինչ տարբերակներ կան, ինչ տարբերակներ են ընդունվել, քանի որ ես գոնե տեղեկություններ ունեմ, որ որոշակի նյութեր գաղտնի են և հանրային չեն հետազոտությունների համար։ Ինձ համար գոնե հիմք կարող են հանդիսանալ 1920-1929 թթ ընթացքում կնքված պայմանագրերը, որոնք կնքվել են Հայաստանի այդ ժամանակվա պաշտոնական ղեկավարության կողմից, բայց երբ խոսում են Գորիս-Կապան ճանապարհի մասին, պետք է հասկանալ, որ Գորիս-Կապան ճանապարհը 1926 թվականից ուշ է կառուցվել։ Այն ժամանակ այդ ճանապարհն անհայտ կարգավիճակ ունեցող ճանապարհ է եղել, դժվարանցանելի է եղել, իսկ այն ճանապարհը, որն ասֆալտապատվել է, դարձել Սովետական Հայաստանի համար կարևոր միջշրջանային ճանապարհ, դա բավականին ուշ է կառուցվել և գոնե առաջին ժամանակահատվածում խոսք չի եղել՝ այդ ճանապարհը Հայաստանի, թե՞ Ադրբեջանի տարածքում է, քանի որ ճանապարհ ուղղակի չի եղել: Երբ մենք խոսում ենք, թե ինչ իրավական հիմքով է այդ 21 կմ հատվածը անցել Ադրբեջանին, կարելի է ենթադրել, որ 1970-73թթ. քարտեզների համաձայն, իսկ թե այդ քարտեզները որ փաստաթղթերի հիմքով իրավական ուժ ունեն, կդժվարանամ ասել, ես այդ հիմքերը չեմ տեսնում:
Ընդհանրապես, սահմանազատման գործընթացը, որի մասին Սոչիում էլ ձեռք բերվեց պայմանավորվածություն, դուք կարծում եք՝ միայն 1920-ականների քարտեզներո՞վ միայն կարող են կյանքի կոչվել:
Առաջին անգամ, երբ սրա մասին խոսվել է, եղել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբերը: Մենք բարձրաձայնել ենք, որ պարտադիր է երկու բան անել մինչև սահմանազատումը. առաջինը, ուսումնասիրել գոյություն ունեցող բացարձակապես բոլոր փաստաթղթերը՝ սկսած 1916-1917 թվականներից մինչև 1991 թվականը, ապա րոշում կայացնել, թե ինչ սկզբունքով է իրականացվելու սահմանազատումը: Նոր դրանից հետո երբ կորոշվի սկզբունքը, այդ սկզբունքի համաձայն կարելի է ընտրություն կատարել, թե որ թվականի քարտեզով է դա արվելու: Որովհետև, եթե ընտրություն կատարվի Խորհրդային ժամանակաշրջանի վարչական քարտեզներով սահմանազատում իրականացնել, ապա պետք է որոշել, թե որ քարտեզը իրավական հիմք ունի: Սակայն հնարավոր է որոշում կայացվի սահմանազատում իրականացնել մինչսովետական քարտեզներով, այսինքն այն քարտեզների համաձայն, որով Հայաստանի Հանրապետությունը վերափոխվել և մուտք է գործել Սովետական Միության կազմ: Բացի այդ, հնարավոր են նաև այլ տարբերակներ: Մենք դիտարկել ենք 4-5 տարբերակ, որ կարող է իրականացվել սահմանազատում: Ընդ որում, վերջերս իշխանության ներկայացուցիչների կողմից հնչեցին մեզ համար մեկնաբանության կարիք ունեցող տարբերակներ: Ասվեց, որ առաջարկվել է սահմանազատման գործընթացը գործընթացը սկսել զրոյից: «Զրոյից սկսել»-ը բավականին խնդրահարույց արտահայտություն է և դիվանագիտական տեսանկյունից, և մասնագիտական: Այդ զրոն ո՞ր թվականից կամ որ պահից սկսած պետք է հաշվել: Միգուցե նկատի ունեն, որ ընդհանրապես պետք է հաշվի չառնեն ոչ մի քարտեզ և փաստացի զորքերի տեղակայումով անեն: Նման հայտարարությունները բավականին ռիսկեր են պարունակում և այստեղ է, որ պետք է լինի մասնագիտական բավականին լուրջ խորհուրդ և ԱԳՆ-ի դիվանագետների հետ, և ՊՆ-ի ղեկավարության հետ պետք է քննարկեն տարբերակները:
Օրերս պարզ դարձավ, որ Իշխանասարի հատվածում Ադրբեջանի զորքերը հետ են քաշվել: Ըստ տարբեր կարծիքների Սոչիում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում է դա եղել:
Այս պահի դրությամբ, պաշտոնական տեղեկություններ չկան, որպեսզի համոզված ասենք՝ ադրբեջանական զորքը նահանջել է, թե ոչ: Պաշտպանության նախարարությունն այդ տեղեկությունը՝ ոչ հերքեց, ոչ հաստատեց: Գոնե ինձ համար իրենց նահանջը հաստատված տեղեկություն չի: Ինչ վերաբերում է նրան, որ եթե նահանջը կա, ի՞նչ պատճառներով է դա տեղի ունեցել, այդ դեպքում ես կրկին պետք է ասեմ հետևյալը. քանի որ ես պետականամետ մարդ եմ, իմ կարծիքով պետք է հայտարարությունը տարածվի պաշտոնական աղբյուրներով: Եթե սահմանազատումը մեկնարկել է, ապա դրա մասին պետք է ի սկզանե հայտարարվեր: Իսկ որպես մասնագետ ինձ համար գոնե այս պահին սահմանազատման մեկնարկը անհասկանալի է, քանի որ կարևոր է վերլուծությունը, թե ինչ է իրականացվել մինչև սահմանազատման աշխատանքների մեկնարկը: Ի սկզբանե հանձնաժողովներն աշխատում են գրասենյակային պայմաններում քարտեզներով, նաև բանակցում են հակառակորդի հետ, նոր սկսում են դաշտում աշխատել: Կամ այդ աշխատանքները հանպատրաստի են իրականացվել, եթե իրականացվել են, կամ նախորդ տարվա ընթացքում գաղտնի բանակցություններ են վարվել, և դրանց մասին մենք տեղեկություններ չունենք: Այդ պարզաբանումը պետք է ստանալ ԱԳՆ-ից և հատկապես այն ԱԳ փոխնախարարից, որը գլխավորում է Հայաստանի սահմանների վերաբերյալ հանձնաժողովը: