Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում 2021 թվականի դեկտեմբերի 1-ի գիշերային ժամերի ընթացքում բռնկված հրդեհի հետեւանքով Շիրակ Խալոյանի տնտեսությանը պատճառվել է մոտ 70 միլիոն դրամի վնաս։
Ինչպես տեղեկացրեց Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը, առայժմ անհայտ հանգամանքներում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է 520 քառակուսի մետր մակերես ունեցող անասնագոմը եւ նրա հարակից տարածքում տեղադրված խոտի դեզը՝ 6 250 հակ անասնակերով։ Անկել են 500 գլուխ ոչխար եւ 25 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ։ «Հրդեհը բռնկվել է միանգամից, առայժմ չպարզված հանգամանքներում։ Ուժեղ քամին ամբողջովին խոչընդոտում էր հրդեհաշիջման աշխատանքներին։ 700 գլուխ ոչխարից հնարավոր եղավ փրկել ընդամենը 200 գլուխը, մնացած 500-ը ոչնչացել են։ 27 գլուխ խոշորից փրկվել են միայն 1 ցուլ եւ 1 հորթ։ Անասնապահական ֆերմերային տնտեսությունը Շիրակ Խալոյանի միջոցներով ստեղծվել էր վերջերս, մի քանի տարի առաջ։ Այն աստիճանաբար զարգանում էր, սակայն, ցավոք, հիմա կանգնել է անելանելի վիճակի առաջ։ Այս պահին Լիճքի համայնքապետարանը օգնություն տրամադրելու իրավասություն չունի, քանի որ ավագանու լիազորությունները դադարեցված են։ Գուցե օգնեն համայնքի բնակիչները։ Ակնկալում ենք նաեւ կառավարության օժանդակությունը»,-ներկայացրեց Գնել Գրիգորյանը։