Հնարավոր է, որ Կոկո Շանելը համագործակցել է նացիստների հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ըստ լեգենդար մոդելավորողի կյանքի մասին նոր գրքի, որը լույս է տեսել երեքշաբթի օրն ԱՄՆ-ում՝ նրա լրտեսական մականունը եղել է «Վեստմինստեր»: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Իր «Թշնամու հետ անկողնում. Կոկո Շանելի գաղտնի պատերազմը» գրքում Հելա Վոգանը պնդում է, որ Շանելը և գերմանացի սպա Հանս Հյունտեր ֆոն Դինկլագը կապված են եղել ոչ միայն սիրային հարաբերություններով, ինչի մասին արդեն վաղուց հայտնի է եղել: Ինչպես պնդում է ամերիկացի լրագրողը՝ նրանք երկուսն էլ եղել են լրտեսներ, որոնք ունեին հատուկ առաքելություններ Մադրիդում և Բեռլինում, բայց երկար ժամանակ ապրում էին Փարիզում:
Այս ամենից բացի, նոր կենսագրությունում ասվում է, որ Շանելը համոզված հրեատյաց էր և գաղտնի համագործակցում էր գերմանական ռազմական հետախուզության՝ Աբվերի հետ՝ F-7124 անձնական համարով:
Ֆրանսիայում տարիներ շարունակ ասեկոսեներ էին տարածվում, թե հնարավոր է՝ Շանելը եղել է նացիստական լրտես: Գործը քննվել է ֆրանսիական դատարանում, սակայն դիզայներին հարցաքննությունից հետո անմիջապես ազատ են արձակել:











































