Լուսանկարը՝ Armeniasputnik-ի
«Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, թե իշխանությունը փորձում է գաղտնալսել իրեն: Ինչպես պարզվեց ավելի ուշ՝ ՔՊ պատգամավորներից մեկի գրառումից, խոսքը համաշխարհային համացանցում հայտնված իսրայելական ընկերության արտադրության մի ծրագրի մասին է, որը թույլ է տալիս այսպես ասած անօրինական միջամտությամբ ներգործել սմարթֆոնների վրա և հասանելի դարձնել անհատի տվյալները: Ուզում են գաղտնալսել Արթուր Վանեցյանին, թե չեն ուզում, հարցը գուցե դրանով փակված չէ, սակայն ԱԱԾ նախկին պետի բարձրացրած ահազանգը միևնույն ժամանակ վերստին բարձրացնում է ավելի աղմկոտ մի իրողության վերաբերյալ հանրային վաղուց առկա հարցադրում. ո՞վ էր 2018 թվականին գաղտնալսել Հայաստանի առաջին դեմքի և իրավապահ ու անվտանգային համակարգի երկու բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցները՝ վարչապետի, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, որն այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարն է:
Այսօր գաղտնալսման մասին ահազանգող Արթուր Վանեցյանը այդպես էլ հանրությանը չտվեց այդ պատասխանը, թեև հայտարարել էր, որ գաղտնալսողը և պատվիրատուն հայտնի են, ու պատվիրատուն հանրությանը հայտնի մարդ է: Արթուր Վանեցյանն այդ մասին հայտարարեց դեռևս ԱԱԾ պետի պաշտոնում աշխատելու ընթացքում, երբ նաև կայացրել էր որոշում, որ այլևս քիչ է հարցազրույց կամ ճեպազրույց տալու լրագրողներին, որովհետև ԱԱԾ պետը չպետք է այդքան հաճախ խոսի: Եվ Արթուր Վանեցյանի այդ որոշումը իհարկե միանգամայն իրավացի էր: Խիստ հազվադեպ է հնարավոր լսել որևէ պետության հատուկ ծառայության ղեկավարի հրապարակային ելույթ կամ խոսք, որովհետև նրանց գործառույթը թերևս ավելի քիչ հրապարակայնությամբ ավելի շատ անվտանգություն ապահովելն է: Սակայն, մինչ ԱԱԾ պետի պաշտոնը թողնելը, Արթուր Վանեցյանն այդպես էլ չապահովեց հանրությանը հուզող հարցի քրեաիրավական պատասխանը, որպեսզի հասկանալի լիներ, թե ո՞վ է կարողացել ու համարձակվել գաղտնալսել պետության բարձրագույն պաշտոնյաներին: Որովհետև, չստանալով այդ հարցի պատասխանը, հանրության մոտ ձևավորվում է բնականաբար այլ հարց կամ հարցեր, թե այդ շրջանում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների է՞լ ինչ խոսակցություններ կարող են լինել գաղտնալսված, ինչ թեմաներով ու Հայաստանի համար ինչ հետևանքներով: