Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գործով ցուցմունք տալիս՝ դատարանին առաջարկել է որպես վկա հարցաքննել Վլադիմիր Պուտինին և «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերին: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:
Վիկտոր Յուշչենկոն, մասնավորապես, ասել է. «Դիմում եմ դատարանին՝ Վլադիմիր Պուտինին և Ալեքսեյ Միլլերին հարցաքննության կանչելու հարցը քննարկելու խնդրանքով»: Նա նշել է, որ այս գործն անհնար կլինի քննել առանց ռուսական կողմից համաձայնագրերը ստորագրած անձանց վկայության:
Մինչ Յուշչենկոն հայտարարել էր, որ Յուլյա Տիմոշենկոն գազի գների վերաբերյալ իրեն մոլորության մեջ է գցել:
Հիշեցնենք, որ այսօր Վիկտոր Յուշչենկոն վերջապես ներկայացավ դատարան: Երեկ նրա գրասենյակից հայտնել էին, որ նախկին նախագահն արձակուրդում է:










































