
Երևանում այս օրերին տեղի էր ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, այստեղ են ԵԱՏՄ երկրների վարչապետները: Սակայն հատկանշական է, որ ոչ ՌԴ վարչապետ Միշուստինը, ոչ ԵԱՏՄ երկրների վարչապետներից որևէ մեկը այդ նիստում չանդրադարձավ Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգներին:
Միայն Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ այդ թեմային՝ նշելով, որ Ադրբեջանի ռազմական սադրանքներն ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը և եռակողմ պայմանավորվածությունների վիժեցմանը, սակայն դրան որևէ արձագանք չհետևեց որևէ երկրի վարչապետի կողմից:
Այս առնչությամբ քաղաքագետ Արմեն Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մի կողմից դա հասկանալի է, քանի որ ԵԱՏՄ-ն տնտեսական կառույց է, քաղաքական, ռազմաքաղաքական կառույց չէ, ի տարբերություն ՀԱՊԿ-ի: «Պատրանքային կլիներ, եթե այդ նիստում Հայաստանի անվտանգային հարցերը կամ սպառնալիքները քննարկվեին: Մյուս կողմից օրինաչափ է դարձել և փաստ է, որ ԵԱՏՄ երկրներից շատերն ավելի շատ ջերմ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, քան Հայաստանի: Թե Ռուսաստանը, թե Ղազախստանը, Բելառուսն ու Ղրղզստանը մշտապես ավելի շատ Ադրբեջանի շահերն են պաշտպանել, քան Հայաստանի: Այնպես որ զարմանալի կլիներ, եթե նրանք գային այստեղ ու Հայաստանին աջակցություն հայտնեին: Անգամ այդ երկրներից որոշները ողջունում են Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների այսպես կոչված դեօկուպացիան:
Մենք չպետք է ընկնենք պատրանքների մեջ: Այդ կառույցը բազմիցս ցույց է տվել, որ Հայաստանի խնդիրներն իրեն բացարձակապես չի հուզում: մենք արդեն պետք է այս կառույցի վրա որևէ հույս չդնենք: Ավելի լավ է մեր հույսը դնենք մեր և մեր իրական դաշնակիցների վրա: ԵԱՏՄ ժողովն այն տեղը չէր, որ իրենք պետք է հայտարարություններ անեին մեր օգտին»,-ասաց Արմեն Վարդանյանը:
Հարցին, թե ինչպես է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը կողմ է Ռուսաստանի ՊՆ-ի առաջարկներին՝ կապված դելմիտացիայի և դեմարկացիայի հետ, քաղաքագետը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ իշխանությունն այս հարցում պետք է ավելի թափանցիկ գործի և հանրությանը ներկայացնի, թե ինչպես է տեսնում այդ գործընթացը, որ սահմանի որ հատվածները պետք է մեր կողմն անցնի, որ մասը՝ Ադրբեջանի: Բայց կարծում եմ՝ իշխանություններն էլ շատ հնարավոր է՝ դեռևս պատրաստ չեն դրան կամ փորձում են գործընթացը վերջնականապես պարզելուց հետո նոր հանրության հետ խոսեն: Ի վերջո, Ադրբեջանն էլ որոշակի խոչընդոտներ է ստեղծում և կարող է այս գործընթացն այդպես էլ չսկսվի և տեղի չունենա:
Եթե դեմարկացիան և դելիմիտացիան գնա բնականոն հունով, ապա դա տարիների հարց է: Սակայն բանն այն է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը ուզում են արհեստականորեն շատ կարճ ժամանակում իրականացնել այդ գործընթացը, դրա համար Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում: Ակնհայտ է, որ եթե Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից մեզ վրա ճնշում չլինի, ապա այդ գործընթացը կտևի տարիներ»: