Գերմանիայում բանկերի, խնայբանկերի և փոստային բաժանմունքների վրա հարձակումների թիվը վերջին երեք տասնամյակի ընթացքում նվազել է 95 տոկոսով:
Քրեական գործերով դաշնային գրասենյակի տվյալներով՝ անցյալ տարի ֆինանսական հաստատությունների և փոստային բաժանմունքների վրա եղել է ընդամենը 80 հարձակում՝ 1993 թվականի 1623-ի դիմաց՝ գրում է DW-ն։
Ոստիկանությունը, բանկերը և ապահովագրողները նշում են այս երևույթի մի քանի պատճառ: Ըստ Գերմանիայի Դաշնային բանկի տվյալների՝ եթե 90-ականների կեսերին երկրում կար գրեթե 70 հազար բանկային մասնաճյուղ, 2020-ի վերջին դրանք մոտ 24 հազար էին: Այսինքն՝ կողոպտիչներն այսօր ընտրության ավելի քիչ հնարավորություն ունեն, քան նախկինում։ Որոշակի դեր է խաղացել նաև տեխնոլոգիական առաջընթացը, նվազել է կանխիկ գումարի նշանակությունը:
Բացի դրանից՝ բանկերը զգալիորեն բարելավել են անվտանգության միջոցները, բացահայտվում է հանցագործությունների մեծ մասը: Այսպիսով, հանցագործները չափազանց մեծ ռիսկի են դիմում։ 2020 թվականին, օրինակ, ոստիկանությանը հաջողվել է բացահայտել բանկերի վրա հարձակումների գրեթե 80 տոկոսը, իսկ 2019 թվականին՝ ավելի քան 90 տոկոսը։