Ազգային ժողովն ընդդիմադիր խմբակցությունների պահանջով արտահերթ հրատապ նիստ չի գումարի։ Այս մասին ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ այդ հարցը քննարկել անգամ չեն կարող, քանի որ ընդդիմադիր գործընկերները ժամը 16:40-ին փաստաթուղթ են ներկայացրել, որն անբավարար է:
«Մեր ընդդիմադիր գործընկերները ժամը 16:40-ին փաստաթուղթ են ներկայացրել, որպեսզի հրատապ նիստ հրավիրենք։ Ցավոք, ժամանակի առումով և ներկայացված փաստաթղթերի անբավարար լինելու պատճառով ես նույնիսկ չեմ կարող այդ հարցը քննարկել և որոշում կայացնել։ Օրինակ` չկան հիմնավորումներ և կցված չէ նախագիծը»,–ասաց Սիմոնյանը։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր` ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ժամը 20.00-ին նախաձեռնել են ՀՀ ԱԺ արտահերթ լիագումար նիստ: