Հայաստանի հանրության շրջանում ոչ միարժեք գնահատականի է արժանացել պաշտպանության նախարարի պաշտոնում Սուրեն Պապիկյանի նշանակումը: Այս հանգամանքը ունի իհարկե տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ և թերևս չարժե անդրադառնալ դրանց: Անկասկած է թերեւս այն, որ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը Հայաստանում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված կառավարման համակարգի այն քիչ ներկայացուցիչներից է, որը աչքի է ընկել արդյունավետ աշխատանքով, պատասխանատու եւ լրջմիտ վարքագծով ու հանրային կեցվածքով, որը ներշնչել է վստահություն եւ կարող է դասվել հազվադեպ արդյունավետ պաշտոնյաների շարքին: Կմնա՞ նա այդ շարքում իր նոր եւ իհարկե առավել պատասխանատու, նաեւ ռազմա-քաղաքական արտաքին-անվտանգային իմաստներով գերզգայուն պաշտոնում, անշուշտ դեռեւս բաց հարց է: Պետք է ակնկալել, որ արդյունավետությունը կմնա եւ առավել կբարձրանա, եւ դա կենսական նշանակություն ունի ամբողջ Հայաստանի համար: Հանգամանքը, որ Պապիկյանը որեւէ առնչություն չի ունեցել պաշտպանական ոլորտին, զինվորական չէ, հանրության որոշակի շերտերի թույլ է տալիս բարձրաձայնել ընդհուպ հիստերիայի հասնող գնահատականներ: Հասկանալի է, որ դրանց մի զգալի մաս պայմանավորված է քաղաքական շահադիտությամբ, սակայն անկասկած է, որ կա նաեւ իսկապես անկեղծ մտահոգություն: Դա պատկերացումների խնդիր է, որոնք Հայաստանի հանրության պարագայում զգալիորեն աղավաղվել են նախորդ համակարգի գործունեության հետեւանքով, որտեղ առաջնայինը դիտվում էր «ցուցանակային կոմպետենտությունը»:
Մինչդեռ, Հայաստանի պաշտպանական նախարարությունը ղեկավարած «ռազմական գործիչները» հաջորդելով միմյանց, գործնականում որեւէ հիմնարար ազդեցություն չեն թողել պատերազմի սպառնալիքով ապրող պետության ռազմական գերատեսչությունն այդ պատերազմի սպառնալիքներին համարժեք զարգացնելու գործում: Բացի այդ, պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է համաձայն այն սահմանադրության, որ ընդունվել է դեռեւս նախորդ համակարգում: Պաշտպանության նախարարը պատասխանատու է պաշտպանական քաղաքականության, այլ ոչ ռազմական գործի համար: Ռազմական գործի համար պատասխանատու է ԶՈՒ Գլխավոր շտաբը, որի վրա է զինուժի անմիջական կառավարման խնդիրը: Ընդ որում, դա որոշակիորեն արդիականացված ձեւաչափ է, եվրաատլանտռյան համակարգից «վերցված» ձեւաչափ, որի նպատակներից մեկն էլ որոշակիորեն շահերի տարանջատումն ու այդպիսով հակակաշիռ-հավասարակշիռ մեխանիզմի ձեւավորումը, այդպես կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ըստ այդմ, նախարարից պահանջվում է լինել քաղաքական ղեկավարի, քան ռազմական գործչի հմտության տիրապետող: Ավելին, այդօրինակ նշանակումը Հայաստանում աննախադեպ չէ: Ըստ էության 2016 թվականին նախարարի պաշտոնում այդպես նշանակվեց Վիգեն Սարգսյանը: Իհարկե Սերժ Սարգսյանն ուներ դրա համար իր քաղաքական մոտիվներն ու հաշվարկները:
Այս դեպքում էլ անշուշտ կան քաղաքական ոչ միայն կարճաժամկետ կամ միջնաժամկետ լուծումներ, որոննք թելադրել են պաշտպանության նախարարի փոփոխությունն ու նոր նշանակումը, այլ թերեւս նաեւ երկարաժամկետ ռազմավարական հաշվարկներ: Մեծ հաշվով, տարածքային կառավարման նախարարի փորձառությամբ, փոխվարչապետի կարճատեւ աշխատանքով Սուրեն Պապիկյանը հայտնվում է ռազմա-քաղաքական համակարգի մի այնպիսի դիրքում, որից այն կողմ կամ այսպես ասած քաղաքական թոշակն է, կամ վարչապետի հավակնորդի կարգավիճակը: Սա այսպես ասած որոշակի «աքսիոմատիկ» դիտարկման շրջանակում, այլ ոչ «դոգմատիկ»: Սակայն, տեղի ունեցած նշանակումւը հիմք է տալիս խորհել մի խնդրի մասին, որ կա Հայաստանում շատ երկար ժամանակ, դեռեւս 2018-ից շատ առաջ, կա 2018-ից հետո: Խոսքը «մեկ մարդու» վրա հիմնված քաղաքական համակարգի կամ ինստիտուտի խնդիրն է, որը հատկապես Հայաստանի նման երկրների պարագայում, որոնք ունեն ռեսուրսների ինքնաբավության եւ մարտահրավերների ծավալի համարժեք հարաբերակցության լրջագույն խնդիր կամ բաց, բերում է լրացուցիչ քաղաքական խոցելիության: Ընդ որում, այդ խնդիրը առկա է թե կառավարող քաղաքական ուժի, թե որեւէ այլ քաղաքական միավորի պարագայում, որը Հայաստանում կարող է հավակնել քաղաքական լուրջ դերի եւ ազդեցության: Հայաստանում «մեկ մարդու» վրա կառուցվող քաղաքական համակարգը պետք է փոխվի, հնարավորինս արագ, եւ այդ խնդիրը նաեւ բավականին սուր է հենց գործող քաղաքական ղեկավարության համար: Ըստ այդմ, Սուրեն Պապիկյանը նոր կարգավիճակում թերեւս ստանում է նաեւ քաղաքական ուժի նոր կենտրոն լինելու հնարավորություն, կառավարող քաղաքական համակարգի որոշակի բալանսավորվածության համար: