Ստեփանավան, Կապան և Իջևան, Արզնի և Լերմոնտովո համայնքներում նոյեմբերի 14-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ժամը 14։00-ի դրությամբ մասնակցել է այդ համայնքներում ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր 80 798 թվի 25.71 տոկոսը։ Այս մասին տեղեկացավ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։
Տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են նոյեմբերի 14-ին անցկացվում Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ Արզնի և Լերմոնտովո համայնքներում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Արզնի համայնքում ընթանում է ավագանու անդամի ընտրություն, Լերմոնտովոյում ՝համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնկան ընտրական հանձնաժողովից, նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 99 տեղամասեր:
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 99 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 167 տեխնիկական սարքավորում:
Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 8 տեղական հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 20 զանգվածային լրատվության միջոցներ: