Այսօր՝ նոյեմբերի 13-ին, գրող, հրապարակախոս, պետական ու կուսակցական գործիչ Վանո Սիրադեղյանը կդառնար 75 տարեկան:
Վանո Սիրադեղյանը Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրներից է, «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) հիմնադիր և ղեկավար անդամ: Զբաղեցրել է նորանկախ Հայաստանի առանցքային պաշտոնները: Եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայաստանի ներքին գործերի նախարար, Երևանի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր և այլն:
Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց ամիսներ անց Սիրադեղյանի նկատմամբ քաղաքական հետապնդում սկսվեց: 1999 թվականի մայիսին ձերբակալվեց, ապա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց կալանքից: 2000-ի ապրիլին Ազգային ժողովը բավարարեց Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու Դատախազության միջնորդությունը, ինչից հետո Վանո Սիրադեղյանը հեռացավ հայրենիքից: