
Վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ադրբեջանական քարոզչամիջոցներում Վաշինգտոնի ժողովրդավարության համաժաղովը, որին հրավիրել են Հայաստանին եւ չեն հրավիրել Բաքվին, որակում են «արշավ Ռուսաստանի դեմ», ավելացնելով, որ այդ արշավին «միանում» է Հայաստանը եւ չի միանում Բաքուն:
Առաջին հայացքից հասկանալի է, որ չհրավիրված Բաքուն պետք է գնահատեր իրավիճակը այդպես: Սակայն միամտություն է այստեղ տեսնել միայն «չհրավիրվածի» նեղացածություն եւ թույն: Պետք է խանգարել Հայաստանին:
Իսկ ինչպե՞ս խանգարել՝ իհարկե Ռուսաստանի ձեռքով, դնելով այդ ձեռքի մեջ «հակառուսական արշավի միանալու» այսպես ասած փաստարկը: Ընդ որում, դրան նրբորեն միացել ու միանում են տարիներ շարունակ Ադրբեջանի հետ բացահայտ կամ նուրբ հմտությամբ խաղացող ռուսական քարոզչա-փորձագիտական սեգմենտները:
Նման դեպքերին շատ բնորոշ է հանրահայատ խոսքը՝ «գողն ամենաբարձրն է գոռում բռնեք գողին»: Ռուսաստանի դեմ գործողություններով զբաղված Ադրբեջանը Հայաստանին է «մատնում» Ռուսաստանին: Եվ բուն խնդիրն այն է, որ Ադրբեջանի այդ գործողությունների ու գործունեության դեմ մի շարք տարաբնույթ պատճառներով զգալիորեն սահմանափակ հնարավորություն ունեցող Ռուսաստանը պատրաստ է սիրով ընդառաջել «ալիբիին»: Խոսքն այն մասին է, որ Ադրբեջանի հետ անզորությունից եկող «մուկնուկատու» խաղը պետք է արդարացնել Հայաստանի «հակառուսականությամբ»:
Ահա այս ֆոնին, առնվազն անհաշվենկատ եւ քաղաքականապես անհամարժեք է Վաշինգտոնում համաժողովի հրավերի առիթով Հայաստանում ուղղակի, թե անուղղակի այնպիսի տրամադրություններով հագեցած մտայնությունների գեներացումը, որտեղ շոշափվում կամ նշմարվում է իրավիճակի՝ ԱՄՆ-Ռուսաստան հակադրության համատեքստով մատուցում: Առնվազն անհաշվենկատություն, եթե ոչ դիտավորություն՝ առնվազն որոշ դեպքերի պարագայում:
Իրականում հենց դա կարող է բերել խոչընդոտների, որոնք իհարկե հետո կտան Ռուսաստանին վերստին ահեղ մեղադրանքներ ներկայացնելու ծանրակշիռ առիթներ: Միայն թե պարզ չի լինի, թե դրանից ինչ կշահի Հայաստանը՝ կորցնելով ժողովրդավարության համաժողովը շատ ավելի հանգիստ ու հանդարտ պայմաններում իր համար կարեւոր խնդիրների սպասարկման նպատակին ծառայեցնելու հնարավորություն: