
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը
-Պարոն Հարությունյան, հանրահավաքի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե համազգային դիմադրության շարժում են սկսում ՀՀ-ում, Արցախում, Սփյուռքում: Ինչպե՞ս են Արցախում արձագանքում Քոչարյանի այս հայտարարությանը։
-Մի քանի անգամ տարբեր ձևաչափերով ես դրա մասին խոսել եմ․Արցախը Հայաստանի ներքաղաքական որևէ գործընթացում ներգրավելը ճիշտ չեմ համարում, այսինքն՝ ներքաղաքական բոլոր իրադարձությունները պետք է տեղի ունենան հենց Հայաստանի ժողովրդի որոշման հիման վրա։ Այսինքն՝ Արցախը Հայաստանի որևէ քաղաքական գործընթացին ներգրավելը ճիշտ չեմ համարում։
-Ձեզ համար ընդունելի՞ չեն նման կոչերը։
-Կրկնում եմ՝ դրանք Հայաստանի գործերն են, ներքաղաքական որևէ գործընթացին Արցախին ներգրավելը ճիշտ չեմ համարում։ Այսօր արցախահայության համար կարևորագույն հարցն անվտանգության հարցն է և ոչ թե ներքաղաքական զարգացումները։
-Արցախում արդյոք կա՞ն այս կոչերին ականջալուր լինողներ։
-Այսօր Արցախում ամենակարևորը խնդիրն անվտանգության երաշխիքների և Արցախի տարածքային ամբողջականության և Արցախի կարգավիճակի հարցն է։ Եվ ժողովրդի հիմնական մտահոգությունները և հետագա տեսլականը սա է, և մենք այսօր այդ ուղղությամբ ենք աշխատում, որ Արցախի ապագայի հետ կապված կարևոր խնդիրները լուծենք։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների այցն է նախատեսվում տարածաշրջան, և միջազգային ձևաչափով Արցախի կարգավիճակի, տարածքային ամբողջականության վերականգնման և առհասարակ անվտանգության երաշխիքների հարցն է կարևոր։
-Քոչարյանը հայտարարում է, որ այս իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմը անխուսափելի դարձնելու համար, ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեց տարածքային ամբողջականության դաշտ, մինչդեռ բոլորն են հիշում են, որ Արցախը դուրս դրվել բանակցային գործընթացից հենց Քոչարյանի օրոք։ Ի՞նչ կարող եք ասել նրա գնահատականների հետ կապված։
-Մենք բազմիցս այդ մասին խոսել ենք, ասել ենք, ավելին՝ Արցախի խորհրդարանը հայտարարություն է տարածել, որտեղ հիմնական թեզերից մեկն այն է, որ բանակցային գործընթացը պետք է լինի Արցախի իշխանությունների մասնակցությամբ։ Եվ ժամանակին Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելը ես բանակցային գործընթացում դիտարկում եմ հետընթաց։ Եվ մենք այսօր էլ պնդում ենք, որ առանց Արցախի իշխանությունների մասնակցության չպետք է տեղի ունենա այս գործընթացը, քանի որ Արցախի կարգավիճակի հիմնահարցն է քննարկվում։
-Որքանո՞վ եք դա իրատեսական համարում այս փուլում։
-Իրատեսական է այսօր, թե ոչ, չեմ կարող գնահատական տալ, բայց, համենայն դեպս, հարցի կարգավորումը մենք այդ ձևաչափով ենք պատկերացնում։ Դրա համար մենք պետք է պայքարենք և կոչ անենք Մինսկի խմբի համանախագահ երկրներին, որ առանց Արցախի մասնակցության՝ բանակցային գործընթացը չի կարող արդյունք ունենալ։ Եվ մենք հստակ մեր ձևակերպումները պետք է ունենանք։
-Շուշիի մոտ ադրբեջանցիները կրակել են ջրատար խողովակների վրա աշխատող անձանց վրա. կա մեկ զոհ, երեք վիրավոր։ Ստացվում է՝ ռուս խաղաղապահները չեն կարողանո՞ւմ ապահովել Արցախի անվտանգությունը։
-Սա առաջին դեպքը չէ, մի քանի անգամ այսպիսի դեպքեր եղել են, ցավոք սրտի, նաև մարդկային կորուստներով։ Սա Ադրբեջանի հայատյաց քաղաքականության արդյունք է, և Արցախը հայաթափելու նպատակ է հետապնդում, այսինքն՝ այնպիսի մթնոլորտ ստեղծել բնակչության մոտ, որպեսզի մարդիկ ապագայի նկատմամբ թերահավատ լինեն, վստահություն չունենան, հեռանան, և Արցախը հայաթափվի։
Մենք փորձում ենք լուրջ հետաքննություն իրականացնել ռուս խաղաղապահների, իրավապահ մարմինների միջոցով և դրա հետ կապված գործուն քայլեր ձեռնարկել։