Մեղրիում ՏԻՄ ընտրություններից հետո հետընտրական կրքերը չեն հանդարտվում:
իրավիճակը դեռևս անորոշ է մնում: Բանն այն է, որ ՏԻՄ ընտրություններում արդյունքում «Հանրապետություն» կուսակցությունն ստացել է 6 մանդատ, ՔՊ-ն՝ 5 մանդատ և երկուական կանդատ ստացել են «Ապրելու երկիրն» ու Սամվել Բաբայանի Ազատական կուսակցությունը: Այսինքն որևէ ուժ չի ստացել 50 տոկոսի ավելի քվե և չի կարող միանձնյա համայնքապետ ընտրել:
Նոյեմբերի 3-ին «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածու Բագրատ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որում անձամբ հայտարարել էր «Ազատական» կուսակցությունից առաջադրված ավագանու անդամների հետ համաձայնության գալու և համատեղ հուշագիր ստորագրելու մասին, ըստ որ համայնքի 5-ամյա կառավարումն իրականացվելու հավասարաչափ։ Համաձայն հուշագրի՝ առաջին 2,5 տարին համայնքը ղեկավարելու է «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածուն, իսկ մնացյալ 2,5 տարին՝ «Ազատական» կուսակցության թեկնածուն: Սրանով, ըստ էության, ՔՊ-ն հայտնվում էր իշխանությունից դուրս:
Դրանից 3 օր անց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի առաջնորդած «Ազատական» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Մեղրի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագիր չի ստորագրել և որևէ անձի՝ կուսակցության անունից հանդես գալու լիազորությամբ չի օժտել։
Մեղրիում շատերը նշում են, որ ըստ էության, «Քաղաքացիական պայմանագիրը» չի հաշտվում պարտության հետ և դրանով է պայմանավորված այս վիճակը:
Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, ՀԺԿ քարտուղար, մեղրեցի Գրիգոր Հարությունյանն ասաց, որ ընտրական հանձնաժողովը հաստատել է ավագանու անդամների ցուցակը, նրանք էլ ուզում են համայնքապետ ընտրել և աշխատել. «Օրենքով գործող Մեղրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է ավագանու նիստի օր նշանակի, բայց չի նշանակում: Անօրինական քայլեր է կատարում: Եթե չնշանակի, ավագանու քվորումը կա, կհավաքվեն, կորոշեն: Ամեն բան կկարգավորվի»,-ասաց նա՝ հավելելով, որ ամեն բան արվել է օրենքով:
«Ավագանու անդամներն են ստորագրել այդ հուշագիրը, որևէ կեղծիք չկա: Ո՞նց կարող է կեղծիք լինել: Ազգային ժողովը ո՞նց է ձևավորվում, ո՞նց են ԱԺ նախագահ ընտրում: Ցանկացած քաղաքական ուժ կարող է թեկնածու առաջարկել: Հիմա թող նիստ անեն, առաջարկեն թեկնածու և ավագանին կորոշի, թե ում է ընտրելու: 4 քաղաքական ուժ ընտրվել է Մեղրիի ավագանի, թող նիստ անեն, որոշեն, էդտեղ ի՞նչ բարդ բան կա: Ինչքան ձգձգվի, այնքան պաշտոնակատարի պատասխանատվությունն է և նրանց, ովքեր նրան նշանակել են»,-ասաց Գրիգոր Հարությունյանը:
Հարցին, թե իր կարծիքով ում ձեռքի գործն է այս լարվածության ստեղծումը, նա արձագանքեց. «Պետք է մտածել՝ ով է շահագրգռված: Երբ մենք այդ հարցի պատասխանը տանք, ամեն ինչ պարզ կլինի: Մենք իհարկե, գիտենք այդ հարցի պատասխանը»:
Նա նկատեց, որ Սամվել Բաբայանի գլխավորած Ազատական կուսակցությունը մասնակցել է ընտրությունների, ժողովուրդն իրենց 10 տոկոս ձայն է տվել, և հիմա եթե իրենք գնան միանան երկրորդ տեղը զբաղեցրած ուժի՝ ՔՊ-ի հետ, հասարակությունը կասի՝ էս ինչ եք անում. «Ինձ օրը մի 10 անգամ հարցնում են՝ էս ինչ է կատարվում, էս ինչու է այդպես, բա մենք ընտրել ենք, ուր է մեր ընտրության արդյունքները»: