
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության` մինչև օրս ապահովված չէ Շուշիի և Հադրութի շրջանի հայ բնակչության վերադարձի իրավունքը: Որքանո՞վ է դա հնարավոր, արդյոք Շուշիի և հադրութի բնակիչները պատրաստ են վերադառնալ իրենց բնակավայրերը, քանի դեռ դրանք ազատագրված չեն:
Այս առնչությամբ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես մինչև հիմա էլ տրամադրված եմ, որ ՀՀ իշխանությունը պետք է պինդ լինի և մենք անպայման պետք է վերադառնանք Շուշի: Մենք Շուշին մոռանալ չենք կարող, մինչև անգամ երազում գնում, գալիս ենք: Տրամադրված ենք, որ պետք է վերադառնանք և Շուշի, և Քարին տակ: Ես չեմ ուզում ընդունել, որ Շուշին անցյալում է, ադրբեջանական է: Շուշին պետք է վերադառնա և դա պետք է արվի ուժով, իսկ այդ ուժը, ցավոք, դեռ չունենք»:
Նա նկատեց, որ Ալիևը հայտարարում է, որ դեմ չէ, Շուշիի հայ բնակիչները կարող են վերադառնալ, բայց պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն. «Բայց իրականում Շուշիում արդեն 6-8 շենք քանդել են, հետո այդ բնակարաններում արդեն ապրողներ կան: Կոնկրետ իմ տանը ասում են՝ Շուշիի ադրբեջանցի քաղաքապետն է ապրում: Հենց մզկիթի ներքևի շենքն էր: Ես այդ տունն գնել էի, վերանորոգել ու մեկ տարի այնտեղ չեմ ապրել: Այսինքն նորոգել եմ, տվել իրենց»,-ասաց Արծվիկ Սարգսյանը:
Նույն թեմայի վերաբերյալ «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն առանձնապես լուրջ չի վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին. «Հիմա ինքն ի՞նչ է ասում՝ պահանջում է ապահովել այդ վերադա՞րձը, թե՞ ասում է՝ չենք կարող ապահովել:
Նիկոլը դա մուտիտների կոնտեքստում է ասում, որպեսզի իր ապագա պարտվողական քայլերի համար հող նախապատրաստի: Եթե չի կատարվել այդ կետը, ինչի՞ չի բողոքում, ինչո՞ւ է գնում հանդիպում, ինչու է ընդհանրապես Պուտինին բարևում, Ալիևին բարևում:
Էս մարդը առանց մի կրակոցի Քաշաթաղը, Քարվաճառը, Աղդամը հանձնել է թուրքին և ալարել է ասել՝ խնդրում եմ, մեր 60 գերիներին վերադարձերք: Հիմա էլ ելույթներով, հարցազրույցներով ի՞նչ է ուզում ապացուցել;
Նոյեմբերի 9-ի փաստաթղթում կա ընդամենը փախստականների վերադարձի մասին, որի տալ Ալիևը հասկանում է 1988-ին Ստեփանակերտից փախած թուրքերի վերադարձը: Նոյեմբերի 9-ի փաստաթղթի նպատակը եղել է Նիկոլին կապիտուլյացիա պարտադրելը, իսկ մնացած կետերը ստից գրել են, գնացել է: Ոչ մեկը դրանք լուրջ չի ընդունում»,-ասաց Հայրյանը:
Նա հիշեցրեց, որ Արցախի ԱԺ երեք խմբակցություններ օրինագիծ են առաջ քաշել ինքնորոշման հարցով, իսկ մյուս երկուսը՝ Արայիկ Հարությունյանի և Սամվել Բաբայանի կուսակցությունները, որոնք իշխանական են համարվում և ըստ երևույթին ղեկավարվում են Հայաստանից, չեն պաշտպանել այդ հայտարարությունը. «Այստեղից երևում է, որ Հայաստանի քաղաքական էլիտան առաջնորդվում է «մի քիչ տանք, թուրքերը սուս մնան» սկզբունքով: Մենք արդեն 1000 տարի դրանով ենք առաջնորդվում ու եթե նախկինները դրանով էին առաջնորդվում, ներկաներն էլ անգիր արած նրանց հետևից գնում են:
Նրանք ուրախացել են, որ Հադրութն ու Շուշին տվել ենք, պատերազմը կանգնել է: Ոչ մի քայլ չեն անելու հետ բերելու համար, այլ ընդհակառակը, դրանով փորձելու են սիրաշահել Ադրբեջանի կառավարությանը, թե տեսեք, ձեր դեմ չենք բողոքում, եկեք խաղաղության պայմանագիր կնքենք: Հայաստանի այսօրվա իշխանությունն այդ տարածքները հետ բերելու ոչ մի քայլ չի անելու, ըստ իս: Դրա համար պետք է այս իշխանություններին խորհուրդ տալ, որ թավշյա ձևով հեռանան»,-հայտարարեց Հայրյանը:
Հարցին, թե կա՞ այդպիսի հասարակական պահանջ, նա պատասխանեց. «Ոչ, պետք է մեր իշխանությունը խելոք լինի և առանց ժողովրդի պահանջի հեռանա:
Ես չեմ տեսնում, որ մենք ունենք իշխանություն, որը փորձի կորցրած տարածքները հետ բերել: Իսկ տարածքները հետ բերելը հայ ժողովրդի ապրելու միակ գրավականն է: Եթե այդ տարածքները մնացին այնտեղ, թեկուզ 4-5 տարի Պուտինը համոզի, որ այդպես ավելի լավ է, միևնույն է, եթե Շուշին ու Հադրութը չվերադարձնենք, հաջորդ հարվածը հասցնելու են Հայաստանին: Քանի որ Հայաստանը մեջք չունի, բարակ է, խփելու են ուղիղ սրտին: Այսօր Հադրութից հրաժարվողը Հայաստանի ապագան է սպանում, հայ ազգի ապագա ցեղասպանության հեղինակն է նա»:
Լևոն Հայրյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի ԱԳՆ վերջին հայտարարությանը՝ նշելով, որ դրանով պարզապես ուզեցել են Փաշինյանին պաշտպանել. «Արդեն իրենց ուզած ամեն ինչին հասել են, Ղարաբաղը հաջողությամբ թողել են Ադրբեջանի կազմում, Հայաստանի ինքնիշխանությունը մեծ հաջողությամբ վերացրել են, որովհետև թե իշխանությունը, թե ընդդիմությունը իրենց ամեն մի քայլը անելիս ռուսներից հարցնում, նոր են անում: Դե հիմա իրենց ծառայություն մատուցած Նիկոլին պաշտպանելու համար էլ ԱԳՆ-ի մի ստից հայտարարությունն ինչ է, որ չանեն: Եվ ասվածի ապացույցն է նաև այն նախորդ երկու օրերի հարցազրույցը, և Սամվել Բաբայանի հարցազրույցն ի պաշտպանություն Նիկոլի, և Նիկոլի հարցազրույցը և Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը: ՌԴ ԱԳՆ հայտարարությունը պաշտպանություն է մեկ քայլ առաջով, այսինքն հաջորդ դավաճանության համար տեղ ապահովելու համար»,-ընդգծեց նա: