Իրանն ու Ադբեջանը պայմանավորվել են համատեղ հանձնախումբ ստեղծելու մասին, որն ըստ Իրանի արտաքին գործերի նախարարի՝ կօգնի ավելի լավ կառավարել հասարակական կարծիքն ու լրատվամիջոցները: Նա հայտարարել է, որ Ադրբեջանին համարում են ազգականներ և կարևոր են դիտարկում ազգակցակկան հարաբերությունը կառավարելը: Ըստ Հոդեյն Աբլոդահիանի, կարող են լինել տարաձայնություններ, սակայն կարևոր է դրանք հաղթահարելու քաղաքական կամքի առկայությունը: Իրանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը բավականին բազմիմաստ է: Խոսելով հարևան Ադրբեջանին ազգականներ համարելու մասին, նա թերևս ակնարկում է որոշակի կրոնական համատեքստ, մասնավորապես Ադրբեջանի բնակչության շիա լինելու հանգամանքը, ինչպես Իրանը: Այդ ակնարկը թերևս ուղղված է ոչ միայն Ադրբեջանի, այլևս Թուրքիայի ղեկավարությանը՝ սուննիական Թուրքիայի, որը իր գերակայությունն է հաստատում շիա Ադրբեջանի վրա: Միաժամանակ սակայն, Իրանի նախարարի այդ ակնարկը կարող է լինել ոչ միայն դիմադրության ուղերձ, այլ լինել նաև գործակցության առաջարկ, այդ թվում Թուրքիային: Առաջարկ այն իմաստով, որ Իրանը կօգնիւ սուննի Թուրքիային առավել լավ կառավարել շիա Ադրբեջանում տրամադրությունները, եթե այդ գործում Թուրքիան հաշվի առնի նաև Իրանի շահերն ու հետաքրքրությունները, իհարկե ոչ միայն Ադրբեջանի, այլ ավելի լայն իմաստով՝ այդ թվում Կովկասից դուրս ռեգիոններում:
Ադրբեջանի և Իրանի միջև համատեղ հանձնախմբի ձևավորման պայմանավորվածությունը թերևս վկայում է, որ խորքում կա ընդհանուր որոշակի եռակողմ փոխըմբռնում: Հնարավո՞ր է դա համարել Իրանի ձեռքբերում, եթե հաշվի առնենք վերջին շաբաթների ադրբեջանա-իրանյան լարվածությունը: Ուշադրության է արժանի թերևս այն, որ իրան-ադրբեջանական համատեղ պայմանավորվածության մասին հայտնի է դառնում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցության վերսկսման հեռանկարի որոշակիացմանը զուգահեռ: Հայտարարվեց, որ նոյեմբերի 29-ին բանակցությունը կվերսկսվի: Դա անշուշտ Իրանի շուրջ լարվածության նվազման, ըստ այդմ նաև Կովկասի ու Հայաստանի շուրջ անվտանգային ռիսկերի որոշակի նվազման նախադրյալ է, միաժամանակ նաև Իրանի ռեգիոնալ դերի առավել աշխուժացման: Այդ հանգամանքը Իրանի համար դարձել է Բաքվին սանձելու հի՞մք, թե՞ Ադրբեջանն ու Թուրքիան զուգահեռ փորձում են Իրանի հետ «ցրցամ» տալ իրենց այսպես ասած երկկողմ «գործարքը»՝ Իրան-Վեցյակ գործարքի վերականգնման մեկնարկին զուգահեռ: Այստեղ է, որ շատ կարևոր է դառնում այն, ինչի մասին փորձեցինք խոսել նաև նախօրեին՝ Հայաստանի պատրաստ լինելը և գործընթացներից դուրս չհայտնվելը: Այդ իմաստով թերևս Երևանի համար կարող է որոշակի մեկնակետ դիտվել Վրաստան-Հայաստան-Իրան օրակարգային մերձեցման շուրջ աշխատանքը: