Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում պատվաստվել է COVID-19-ի դեմ: Այդ մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։
Երկրի ղեկավարը կարևորել է պատվաստումը՝ որպես կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի արդյունավետ միջոց՝ նշելով, որ քաղաքակիրթ մարդկությունը ինչպես COVID-19-ի, այնպես էլ նախկինում եղած բոլոր համավարակների դեմ պայքարել է հենց պատվաստման եղանակով:
Возможно, это изображение (3 человека и люди стоят)
Նշենք, որ ԱՀ նախագահը մեկ տարի առաջ վարակվել էր COVID-19-ով և, չնայած նրա ցանկությանը, պատվաստման գործընթացը հետաձգվում էր՝ օրգանիզմում առկա հակամարմինների քանակով պայմանավորված:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար։
Նախարարությունից տեղեկացնում են՝ անհրաժեշտ է, որպեսզի հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ հոգ տանելով ինչպես անձնական, այնպես էլ հարազատների առողջության մասին։
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության տարբեր բուժհաստատություններում: