
Հայաստանի համար առաջնային խնդիր է հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ վերադարձի հարցը: Այս մասին «Nouvelles d’Arménie» ամսագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Կրակի դադարեցումից հետո Հայաստան են վերադարձել 100-ից ավելի գերիներ: Այդուհանդերձ, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևի կոնվենցիաների և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները՝ Ադրբեջանը դեռևս չի վերադարձրել իր մոտ պատանդառության մեջ գտնվող բոլոր գերիներին:
ՀՀ-ն հետևողական աշխատանք է տանում մեր հայրենակիցների շուտափույթ հայրենադարձման ուղղությամբ, ինչպես նաև բոլոր ձևաչափերը և առիթներն օգտագործում է միջազգային ամբիոններում հարցը բարձրաձայնելու և առաջ մղելու ուղղությամբ»,- ասել է Միրզոյանը:
Նա հիշեցրել է, որ Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև մի շարք երկրների խորհրդարաններ ընդունել են բանաձևեր՝ կոչ անելով վերադարձնել բոլոր հայ գերիներին, իսկ բազմաթիվ պետությունների ղեկավարներ, բարձրաստիճան հոգևորականներ, մշակույթի ու արվեստի գործիչներ, խորհրդարանականներ տասնյակ իրավապաշտպաններ և իրավապաշտպան կազմակերպություններ (Human Rights Watch, Freedom House) բարձրաձայնել են խնդիրը։
«Հայկական կողմը բարձրացրել է ռազմագերիների և այլ պահվող անձանց խնդիրը նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակներում։ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս իրավական այս գործընթացին»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։