Ընդդիմադիր որոշ պատգամավորները սխալ պատկերացում ունեն անվտանգության համակարգի մասին, անվտանգության խնդիրների շուրջ չի կարող լինել իշխանական պատգամավոր, ընդդիմադիր պատգամավոր, ռևանշիստական ուժեր և այլն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ ընդդիմադիր պատգամավորները մեղադրում են, թե իրենց թույլ չեն տալիս գնալ առաջնագիծ, սակայն իշխող ուժի պատգամավորները մեկնել են:
«Սա այն տիրույթն , որտեղ մենք միասնաբար պետք է հանդես գանք: Ես եղել եմ արևելյան հատվածում, եղել եմ այն պարզ պատճառով, որ դրանից առաջ հիշում եք ՄԻՊ-ի հայտարարությունները, ՊՆ-ի արձագանքները, այդ փոխհրաձգությունը, որը առաջնագծում ծառայություն տանող մեր անձնակազմի վրա շատ վատ հետևանք էր թողնում: Ես խորհրդակցել եմ վարչապետի հետ և որոշում եմ կայացրել, որ պետք է փոքր խմբով գնալ առաջնագիծ: Ինձ հետ եղել են մեր հանձնաժողովի մեկ անդամ՝ գեներալ լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանը, որը այդ տարածքի քաջ գիտակ է, նաև Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողողվի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը: Մենք շատ մեծ ճանապարհ ենք անցել այդ հատվածի հրամանատարական կազմի հետ, և որոշակի պատկերացումներով վերադարձել ենք: Այցը պայմանավորված էր անվտանգության խնդիրներով, մեր առաջնագծի ծառայության ընթացքով, ձմեռային աշխատանքներով: Շատ խնդիրներ կային, որ մենք պետք է արձանագրեինք և պլանավորեինք բյուջեի քննարկումներից առաջ և գուցե հետո, թե ինչպիսի ընթացքում պետք է այդ չլուծված խնդիրները ներառված լինեն մեր ամբողջական ծրագրի մեջ»,-ասաց Քոչարյանը:
Նա հիշեցրեց, որ կառավարության ծրագրում բանակին միտված ամբողջական ծրագիր կա, որը պետք է դառնա իրականություն. «Խոսքը պրոֆեսիոնալ բանակի մասին է, բայց մինչ այդ շատ ակնհայտ է, որ պատերազմից հետո մեր սահմանային ամբողջ գիծը փոխվել է և այդտեղ ունենք կատարելիք մեծ ծավալի աշխատանք: Բանակը չպետք է մենակ մնա»: