
Հայկական ատոմային էլեկտրակայանի տուրբինային արտադրամասում անցկացվել է հրդեհաշիջման կազմակերպումը թեմայով վարժանք:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մանրամասնելով, որ տուրբինային արտադրամասը համարվում է ՀԱԷԿ-ի ամենավտանգավոր տեղամասերից մեկը, քանի որ սարքավորումներում օգտագործվում են յուղեր, շատ են մալուխային հորանները: Հետևաբար, որևէ անսարքության կամ յուղի արտահոսքի դեպքում հնարավոր է կրակի ակնթարթային տարածում մեծ մակերեսների վրա, որը կարող է խիստ վտանգավոր լինել նաև մետաղական կառուցատարերի համար:
ՈՒսումնավարժանքն իրականացվել է երկու փուլով . սեմինարային, այնուհետև գործնականում խաղարկվել է հրդեհի մարման աշխատանքները: Նպատակն էր՝ ստուգել աշխատակիցների և փրկարար ծառայողների պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև՝ գնահատել հրդեհաշիջման աշխատանքների գործողությունների պլանի արդյունավետությունը:
Վարժանքին ներկա է եղել փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը: Այն անցկացվել է ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար Հարություն Մխիթարյանի ղեկավարությամբ: