
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել ժողովրդին արդեն հայտնի՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի մահաբեր 50 կմ հատվածում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:10-ի սահմաններում, Lexus մակնիշի ավտոմեքենան` դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, և մի քանի պտույտ շրջվել:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է: Նրա դին օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալներ Հայկ Դավթյանի, Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Նասոյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոմեքենան վարել և տեղում մահացել է Գյումրիի բնակիչ, 44-ամյա Արմինե Գաբրիելյանը: