Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ։
«Անգնահատելի է պատերազմի ամբողջ ընթացքում կառույցի կատարած աշխատանքը, որը համակարգի աշխատակիցներն իրականացրել են մեծ պատասխանատվությամբ, արժանապատվորեն և բարձր արհեստավարժությամբ՝ տագնապի խլացնող ձայնի և հրթիռակոծության ներքո՝ առանց խուճապի մատնվելու ու վարանելու, սնունդ ու անհրաժեշտ պարեն, դեղորայք ու այլ պարագաներ մատակարարելով ապաստարաններ, մեկուսացնելով հրթիռակոծությունից այրվող օբյեկտները, փլատակներից հանելով և բուժհաստատություններ տեղափոխելով վիրավորներին։
Անուրանալի է նաև համակարգի աշխատակիցների ամենօրյա ջանքն ու նվիրվածությունը Արցախի օկուպացված տարածքներում մեր զոհված հայրենակիցների աճյունների որոնման, տարբեր համայնքներում չպայթած զինամթերքի հայտնաբերման և ոչնչացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Այս կարևոր առիթով ևս մեկ անգամ հայտնում եմ բոլորիս երախտագիտությունը ցուցաբերած անձնուրաց նվիրվածության, խիզախության և մարդասիրության համար»,-նշել է Արցախի ՄԻՊ-ը։