
Երեկ, հոկտեմբերի 29-ին, Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում պարսկական համարանիշներով բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակներին։
Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլավորությամբ։
Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում, Իրանի քաղաքացի Մեհտիվ Քյալհորդը իր վարած Volvo մակնիշի բեռնատարով բախվել է ճանապարհի վրայով անցնող գազատարին, վնասելով այն։ Կոտրվել են գազատար խողովակի 2 երկաթե հենասյունները, խողովակն էլ հայտնվել է կցորդիչի արանքում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։