
Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի, ՀՀ Սահմանապահ զորքերի ուղեկալի պետ, փոխգնդապետ Դավթյանի և ռուսական սահմանապահ զորքերի կողմից ձեռնարկված, համակարգված և նպատակային գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից ետ են հանձնվել հոկտեմբերի 22-ին գողացված Կոռնիձորի բնակչին պատկանող թվով 106 գլուխ ոչխարները: Այս մասին տեղեկացավ Տեղի համայնքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջից:
Համայնքապետարանից նշել են նաև, որ վերջերս ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից լրատվամիջոցներով տարածված լուրերն այն մասին, որ ադրբեջանցիներն են մտել Կոռնիձորի վարչական տարածք և հափշտակել, ապատեղեկատվություն է: Համայնքապետարանից հորդորել են բոլորին չխեղաթյուրել որևէ տեղեկատվություն, սպասել Տեղի համայնքապետարանի պաշտոնական հաղորդագրություններին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են համագործակցել բոլորի հետ: