Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի` «Դինո գոլդ մայնինգ քամփնիի» (ԴԳՄՔ) ղեկավարությունը հաջորդ տարի նախատեսում է գերազանցել 2010թ. արտադրական ծավալները։ Ձեռնարկությունն այս տարի վերազինվել է նոր սարքավորումներով, ընդլայնվել է նաև ֆաբրիկան։ Բաց հանքի շահագործման նախագիծն արդեն ներկայացվել է կառավարության հաստատմանը։ Չնայած բնապահպանները հանքի շահագործումն անթույլատրելի են համարում, այնուամենայնիվ ձեռնարկությունն իր հերթին տարեցտարի ավելացնում է բնապահպանական նպատակներով ծախսվող գումարները։ «Եթե նախորդ տարի այն կազմել է մոտ 30, ապա 2010-ի հոկտեմբերին դարձել է 49 մլն դրամ»,- նշում է ընկերության բնապահպանության բաժնի ճարտարագետ Հասմիկ Մկրտումյանը: ԴԳՄՔ-ում եկող տարի նոր աշխատատեղեր կբացվեն բաց հանքի հետախուզման և շահագործման համար: Կփոխվեն նաև աշխատավարձերի դրույքաչափերը: Տնօրեն Ռոբերտ Ֆալետայի խոսքով, չհաշված մի քանի խնդիրներ՝ իրենք կարողացել են հաղթահարել ճգնաժամը։ Կոմբինատում օրախնդիր է որակյալ կադրերի հարցը։ «Շատերն այսօր չեն համաձայնում աշխատել հանքերում, այնինչ գետնի տակ շատ բան է փոխվել 10-15 տարվա համեմատ»,- ասում է տնօրենը։