
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոյին: Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչապետն ու դեսպանը խոսել են հայ-ֆրանսիական գործողությունների «ճանապարհային քարտեզի» մասին: Ըստ հաղորդագրության, դեսպան Լույոն նշել է, որ կառավարության հետ համատեղ նախատեսում են առաջիկայում մշակել գործողությունների և ծրագրերի «ճանապարհային քարտեզը»: Ի՞նչի մասին է խոսքը, դեռևս պարզ չէ: Ի՞նչ համատեղ գործողություններ են պատրաստում Հայաստանն ու Ֆրանսիան և ի՞նչ ոլորտների են առնչվում դրանք: Ընդ որում, հանդիպման պաշտոնական հաղորդագրության համատեքստում ուշադրության է արժանի և այն, որ կարծես թե չի խոսվել Ֆրանսիայի նախագահի Հայաստան այցի մասին, այն դեպքում, երբ ամռանը այդ մասին խոսակցությունը բավականին ակտիվ էր: Միևնույն ժամանակ, հարկ է հիշել ամիսներ առաջ Ֆրանսիայի դեռևս նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթի հայտարարությունը, որ Էմանուել Մակրոնի Հայաստան այցը տեղի կունենա ռեգիոնալ տրամաբանությամբ և Մակրոնը կժամանի, եթե դիտարկի այցի համընդհանուր օգտակարություն, երբ արդյունավետ աշխատանքի հեռանկար կլինի երկու կողմերի հետ:
Ե՞րբ կլինի Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան, թեկուզ ռեգիոնալ բնույթի, թե՞ Ֆրանսիան ներկայումս չի դիտարկում դրա անհրաժեշտություն ու հնարավորություն: Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ֆրանսիան աչքի ընկավ Հայաստանի շահերին ու հետաքրքրություններին խիստ համահունչ դիրքորոշումների ակտիվությամբ, ընդհուպ այն, որ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները ընդունեցին Արցախի անկախության ճանաչման մասին բանաձևը, ընդ որում 1994 թվականի հրադադարի ստատուս-քվոյի դրությամբ: Իհարկե այդ բանաձևը չարժանացավ գործադիր իշխանության հավանությանը: Ժամանակի ընթացքում սակայն նկատելի է Ֆրանսիայի դիրքորոշումների այսպես ասած «համահարթեցման» միտումը:
Մյուս կողմից, հայ-ֆրանսիական հարաբերության տեսանկյունից էականը ոչ թե Ֆրանսիայից Հայաստանին հակաթուրքական կամ հակաադրբեջանական դաշնակցության պատրանքն է, այլ հայ-ֆրանսիական հարաբերության գործնականության մակարդակի ընդլայնումն ու խորացումը: Ըստ այդմ, Ֆրանսիայի նախագահի այցից առավել կարևոր է, թե Հայաստանն ու Ֆրանսիան գործողությունների և ծրագրերի ինչ ճանապարհային քարտեզ են մշակելու:
Նիկոլ Փաշինյանը դեսպանին նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ֆրանսիական ընկերությունների գործունեությամբ, մասնավորապես ենթակառուցվածքային ուղղություններում: Հատկապես ի՞նչ ուղղությունների մասին է խոսքը և այստեղ ի՞նչ հեռանկար ունեն ֆրանսիական ընկերությունները, եթե հաշվի առնենք այն, որ Հայաստանում ֆրանսիական խոշորագույն ներդրման՝ Օրանժի պատմությունը ունեցավ ոչ այնքան վարդագույն ավարտ և Օրանժը պարզապես հեռացավ Հայաստանի կոմունիկացիոն տիրույթներից մեկից՝ հեռահաղորդակցության ոլորտից: Իհարկե, դա տեղի ունեցավ մինչև թավշյա հեղափոխությունը, սակայն խոշոր հաշվով հարցը շարունակում է մնալ սկզբունքային՝ ինչ հետաքրքրություններ ունեն այդ առումով ֆրանսիական ընկերությունները և որքանով է պատրաստ դրանք բավարարել Հայաստանը, թե այսպես ասած շուկայի իմաստով, թե նաև գործունեության միջավայրի: Եվ այստեղ թերևս առանցքային է նաև հարցը՝ արդյո՞ք ֆրանսիական խոշոր ընկերությունների հետաքրքրությունները էական կապվածության մեջ են ռեգիոնալ ապաշրջափակման հեռանկարի հետ: