ՄԻԵԴ ներկայացված անհերքելի ապացույցների համաձայն` ադրբեջանական ուժերը գերի են վերցրել հայ զինվորականներին, անազատության մեջ գտնվելու ժամանակ նրանք անմարդկային խոշտանգումների ու դաժան սպանության են ենթարկվել։
Վաշինգտոնում տեղակայված «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» (ALC) հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման» վերաբերյալ 16 նոր գործերի ներկայացման մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։
«Դրանք վերաբերում են թվով 20 անձանց, որոնք անհետացել են ադրբեջանական գերության մեջ։ ALC-ն, համագործակցելով Երևանում գործող «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» հետ, հիմնավոր ապացույցներ է ներկայացրել առ այն, որ այդ անձինք կալանավորվել և գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ, սակայն Ադրբեջանի կողմից նրանց ներկայիս կարգավիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հրապարակվել։ Միջազգային հումանիտար իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ այդ անհետացումներն «հարկադիր անհետացման» միջադեպեր են, և Ադրբեջանը պարտավոր է հետաքննել ու հրապարակել այդ անձանց վերաբերյալ տեղեկությունները»,– նշված է հաղորդագրության մեջ: