
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին:
Ինչպես տեղեկացնում են Անվտանգության խորհրդից, հանդիպման սկզբում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ և պատրաստակամություն հայտնել այդ օրակարգն առավել ընդլայնելու և համագործակցության ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ:
Դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը մասնավորապես ընդգծել է, որ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն, օրենքի գերակայությունը, կրթությունը և էներգետիկ անվտանգությունն այն ոլորտներն են, որոնց շրջանակներում կարող են առավել զարգանալ հայ-նորվեգական հարաբերությունները:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի: ԱԽ քարտուղարը շեշտել է ապաշրջափակման կարևորությունը՝ տարածաշրջանում անվտանգության միջավայր ձևավորելու հրամայականում:
Երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործընթացում: