Վրաստանի ընդդիմությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլից առաջ որոշել է միավորվել։ Մասնավորապես, հոկտեմբերի 30-ին կայանալիք ընտրություններին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան ընդդիմադիր գործընկերներից որոշների թեկնածությունն է առաջադրել։
Aliq Media-ի հաղորդմամբ՝ ըստ Մելիայի՝ բոլոր խնդիրների լուծման ճանապարհը բազմազանությունն է: Ինչպես նշում է նա, պատմության մեջ առաջին անգամ Թբիլիսիի տեղական ինքնակառավարման մարմիններում կլինի կոալիցիոն թիմ։
Նիկա Մելիան առաջադրել է նաև քաղաքային ծառայությունների ղեկավարների թեկնածուներ։ Նրանց մի մասը տարբեր կուսակցություններից են, ոմանք էլ անկուսակցական են:
Հիշեցնենք, որ ընտրությունների երկրորդ փուլում Նիկա Մելիան մրցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, գործող քաղաքապետ Կախա Կալաձեի հետ:
Վրաստանի երրորդ նախագահ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Մելիայի առաջարկին՝ գրելով․
«Ես լիովին աջակցում եմ Թբիլիսիի կառավարման բազմազանությանը և մայրաքաղաքում կոալիցիոն կառավարմանը: Այժմ, առավել քան երբևէ, մենք պետք է համախմբվենք ընդհանուր գաղափարի շուրջ: Փոխե՛ք «Երազանքի» ռեժիմը՝ բազմակուսակցական և արդյունավետ կառավարմամբ՝ Նիկա Մելիայի գլխավորությամբ»: