Մոսկվան ամեն ջանք գործադրում է ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտում թույլ չտալու համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, այդ թվում` վերջերս տեղի ունեցած միջադեպերը, քննարկվել են հոկտեմբերի 14-ին Մինսկում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ընթացքում։ Այս հարցը քննարկվում է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարների կանոնավոր շփումների ժամանակ»,- նշել է Զախարովան:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14-ի երեկոյան հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն էր եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայ զինծառայողներից 6-ը վիրավորվել էր։