
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
–Պարոն Բաբայան, Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, կատարում է հաղորդակցությունների բացման շուրջ իր պարտավորությունները։ Ձեր կարծիքով՝ ինչքանո՞վ է իրական Ադրբեջանի այդ կառուցողականությունը, արդյոք դա կապ ունի Բաքվի վրա միջազգային ճնշումների գործադրման հետ։
–Ադրբեջանի հռետորաբանությունն ու իրականությունն իրար հետ քիչ կապ ունեն։ Այն, որ միգուցե որոշ ճնշում կա Ադրբեջանի վրա՝ հատկապես Բաքվում «Հաղթանակի պուրակի» որոշ ձևափոխումների մասով՝ ակնհայտ է։ Չնայած ես մտածում եմ, որ դա
ժամանակավոր բնույթ է կրում։ Ընդհանուր առմամբ՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը, հետևաբար՝ կառուցողականությունն իրենց պատկերացմամբ մի բան է, իրականությունը՝ այլ։ Տեսնում ենք, թե ինչպիսի հռետորաբանություն, ձևակերպումներ են իրենք օգտագործում, ինչպիսի քայլեր են ձեռնարկում։ Այն, ինչ նրանք ասում են և այն, ինչ իրենք անում են՝ միանգամայն տարբեր բաներ են։
-Այսինքն՝ չպետք է պատրանքներ ունենանք, որ այդ երկրի հետ խաղաղությունը հնարավոր է։
-Երբևէ։ Խաղաղությունը հնարավոր է, եթե պահպանվում է ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը։ Մտածել, որ խաղաղությունը հնարավոր է բարի կամքի դրսևորմամբ՝ Ադրբեջանի պարագայում, ճիշտ չէ։ Ոչ միայն ճիշտ չէ, այլ չափազանց վտանգավոր է։ Այսինքն՝ պետք է ճիշտ քաղաքականություն, աշխարհաքաղաքականություն վարենք, դուրս գանք սթրեսային իրավիճակից, կրկին ուժեղացնենք բանակը։ Այլ տարբերակ մենք չունենք։
-Բայրամովը հանդիպումներ է ունենում ՀՀ արտգործնախարարի հետ, ակտիվանալու քայլեր են ձեռնարկում նաև միջնորդները։ Դուք հնարավոր ու անհրաժեշտ համարու՞մ եք։
–Ժամանակը ցույց կտա։ Երևում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը փորձում է վերսկսել բանակցային գործընթացը։ Ինքնին այդ բանակցային գործընթացի որոշ տարրեր ընթանում են, հանդիպումներ ու քննարկումներ կան։ Բայց այդ քննարկումը հիմնականում Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների վրա են կենտրոնացված։ Մենք հուսով ենք, որ կվերսկվի նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ քայլերը։ Սպասում ենք նաև համանախագահներին տարածաշրջանում։ Ընթացքը ցույց կտա։
-Նկատի ունեք՝ արցախի կարգավիճակի հարցի քննարկումը։
–Կարգավիճակի հարցը ևս։ Երբ ասում են կարգավիճակի հարց՝ պետք է հստակ հասկանանք, որ մեզ համար անընդունելի է Ղարաբաղի կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Որևէ կարգավիճակ այդ երկրի կազմում հնարավոր չէ։ Բայց ընդհանուր կարգավորումը՝ նաև կարգավիճակի հարցի քննարկումը պետք է լինի և այդ բանակցությունները պետք է վերսկսվեն։ Իհարկե շուտափույթ բեկման հույսեր մենք չենք տեսնում, բայց այնուամենայնիվ խաղաղ գործընթացի մեկնարկն ինքնին դրական է։