«Երևանում ֆուտբոլ խաղացող մեկ երեխան հավասար է ՀՀ մարզում ֆուտբոլ խաղացող մեկ երեխայի»․ այս ուղերձն է դրված «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» (GOALS) ՀԿ-ի «Play it Forward» նախաձեռնության հիմքում։
«Play it Forward»-ը սիրողական ֆուտբոլային ակումբ է և՛ տղաների, և՛ աղջիկների համար։ Երևանում գործող այս ակումբում UEFA-ի կողմից որակավորված մարզիչները բացահայտում են սաների տաղանդները, մարզում և զարգացնում այնպիսի հմտություններ, ինչպիսիք են առաջնորդությունը, հավասարությունը, թիմային խաղը, խտրականության բացառումը և այլն։
Ակումբը բաց է 6-16 տարեկան բոլոր երեխաների համար՝ անկախ սեռից, ֆիզիկական կարողություններից և կազմվածքից։ Երևանում ակումբ հաճախող երեխաների վճարած վարձերի օգնությամբ «GOALS»-ի՝ ՀՀ մարզերում գործող ակումբներում երեխաները մարզվում են անվճար՝ հնարավորություն ունենալով զբաղվել սիրելի մարզաձևով, վարել առողջ ապրելակերպ և ստանալ անձի զարգացմանն ուղղված մի շարք հմտություններ։
Հայաստանի մարզերում կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 2016 թ․-ին․ առաջինը Սյունիքի մարզն էր։ Այժմ ՀՀ 8 մարզերում և Արցախում գործում են 80-ից ավելի ակումբներ, որոնցում ներգրավված են ոչ միայն շուրջ 1000 մարզաբնակ, այլև 44-օրյա պատերազմի արդյունքում տեղահանված ընտանիքների երեխաներ։
«Մենք սպորտի միջոցով երեխաներին կյանքի հմտություններ են փոխանցում,- վստահեցնում է «GOALS»-ի նախագահ Թենի Ավակյանը,- Մեր այսօրվա իրականությունն այնպիսին է, որ մարզերի երեխաների համար շատ չեն արտադպրոցական զբաղմունք ունենալու հնարավորությունները։ Եվ շատ դեպքերում մենք միակ այլընտրանքն ենք դպրոցից դուրս, այդ պատճառով հետաքրքրվածությունը բավականին մեծ է։ Բացի զուտ սպորտային և անձնային աճի հմտություններից, մենք հնարավորություն ենք տալիս, որ մեր երեխաները լինեն պարզապես երեխա՝ զերծ բոլոր տեսակի կենցաղային ու առօրեական խնդիրներից։ Եվ այն դրական լիցքերը, որ նրանք ստանում են մարզվելիս, տարածում են նաև իրենց շրջապատում»։
«Բնականաբար սա մեզ համար էլ հետաքրքիր մարտահրավեր էր, քանի որ առաջին անգամ է առիթ ընձեռվել մարզելու աղջիկների։ Տղաների հետ փոքր–ինչ այլ է, աղջիկների դեպքում հատուկ մոտեցումներ են պահանջվում՝ ավելի մեղմ, ավելի զգույշ,– ասում է Եղեգնաձոր քաղաքում «GOALS»–ի մարզիչներից մեկը՝ Հրայր Առաքելյանը և հավելում,– նախկինում ծնողների վերաբերմունքն էլ էր այլ՝ տարօրինակ էին նայում աղջիկների՝ ֆուտբոլով զբաղվելուն։ Այսօր իրենք են աղջիկ երեխաների ձեռքից բռնած գալիս, ասում, որ ուզում են իրենց երեխաները մարզվեն»։
Նշենք նաև, որ հոկտեմբերի 23-ին ԵՊՀ մարզադահլիճում «GOALS»ն անցկացնելու է բաց դռների օր, որի ընթացքում բոլոր ցանկացողները կարող են հետևել ակումբի սաների մարզումներին, դառնալ դրանց մասնակիցը, ծանոթանալ նախաձեռնության նպատակներին ու անդամակցության պայմաններին։ Միջոցառմանը ներկա կլինեն նաև մի խումբ հայտնիներ, ովքեր ևս իրենց երեխաների հետ միասին միացել են նախաձեռնությանը։
«Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» (GOALS)-ը Հայաստանում գործող, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որի նպատակը սպորտի միջոցով հասարակության վերափոխումն է և շահառու երեխաների հնարավորությունների ընդլայնումը։